Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իհարկե, ցավում եմ Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի համար: Իմ ունեցած տեղեկություններով' միջադեպի սկզբնաղբյուրը եղել է կենցաղային վեճը, բայց, ցավոք, այն վերածվել է մեծ ընդհարման, որը տեղի է ունեցել Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ»,- որպես Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան՝ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ օրերս տեղի ունեցած միջադեպի մասին իր կարծիքն այսօր լրագրողներին հայտնեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նախարարը նշեց, որ, անկախ նրանից' եղել է միջադեպը կենցաղային, թե՝ ոչ, խնդիր ունենք կրոնական եւ ազգային տոլերանտության հետ, որի ուղղությամբ համապատասխան հայտարարություններ արվել են թե' Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի կողմից, թե' նաեւ՝ Վրաց պատրիարքարանի:
«Ես կարծում եմ, որ այստեղ, այնուամենայնիվ, մեր միջեկեղեցական հարաբերությունների, մեր ու վրաց ժողովուրդների ոչ միայն պետական, այլ նաեւ ժողովրդական դիվանագիտական հարաբերությունների տեսակետից հարաբերությունների ջերմացման, ակտիվացման, մշակութային փոխանակման եւ շատ-շատ այլ գործիքներ պետք է կարողանանք աշխատեցնել, որպեսզի կարողանանք իրավիճակն ավելի բարելավել: Որովհետեւ Վրաստանը, ըստ էության, մեր ռազմավարական նշանակության ճանապարհն է, Վրաստանը մեզ համար կարեւոր արտաքին քաղաքական գործընկեր է, եւ մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանելու ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները մեր հարեւան ու բարեկամ ժողովրդի հետ լինեն ամուր եւ ավելի խորանան»,- նշեց Հովհաննես Մանուկյանը:
Ի պատասխան լրագրողների հարցին, թե Մանուկյանը, որպես Վրաստանում ՀՀ նախկին դեսպան, չի՞ կարծում, արդյոք, որ Վրաստանը տարիներ շարունակ ընդգծված քաղաքականություն է վարել' մի շարք հայկական եկեղեցիներ փորձելով ներկայացնել որպես վրացական, արդարադատության նախարարը նշեց, թե նման բան չի կարծում, որովհետեւ այդ հարցում վրաց պետության խնդիրը չկա:
«Կան, իհարկե, վիճելի խնդիրներ Վրաց եկեղեցու եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի միջեւ, մասնավորապես՝ նաեւ եկեղեցիների ու եկեղեցապատկան սեփականության հետ կապված, բայց դա, կարծում եմ, միջեկեղեցական հարաբերությունների խնդիր է, որը, բնականաբար, շատ կարեւոր խնդիր է ու չի կարող չազդել ընդհանուր հարաբերությունների վրա, եւ այս ուղղությամբ պետք է անպայման աշխատանքներ տարվեն»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների համար Վրաստանի կողմից մուտքի վիզաների կիրառման հնարավորությանը, ապա նախարարը նշեց, թե սա հարց է, որը կարծելով չէ, եթե որեւէ բան լինի' ինքը կմեկնաբանի: