Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կներկայացվեն միջազգային մեծ հնչեղություն ստացած մի շարք ֆիլմեր: Մասնավորապես, ծրագիրը կներառի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Ձմեռային քուն» (The Winter Sleep) (ռեժ.` Նուրի Բելգի Ջեյլան, Թուրքիա, 2014) ֆիլմը, նույն Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթից «Երկու օր, մեկ գիշեր» (Two Days, One Night ) (ռեժ.` Ժան Պիեռ և Լյուք Դարդեններ, Բելգիա-Ֆրանսիա-Իտալիա, 2014թ.) ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սև ածուխ, բարակ սառույց» (Black Coal, Thin Ice) (ռեժ.` Յինան Դիայո, Չինաստան, 2014թ.) ֆիլմը:
Կներկայացվի երկու վավերագրական ֆիլմ` Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկկիի հեղինակած «Բարբարոս երկիր» (Barbaric Land) (Ֆրանսիա, 2013թ.) և Վիտալի Մանսկու` Գրիգոր Նարեկացուն նվիրված «Գիրքը» ֆիլմը:
Քշիշտոֆ Զանուսիի 75-ամյակի կապակցությամբ կցուցադրվի Կաննի կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր «Անփոփոխ գործոն» (The Constant Factor, Լեհաստան, 1980թ.) ֆիլմը, իսկ ռեժիսորին կհանձնվի Ամենայն հայոց կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը:
Հայաստան կժամանի հինգ անվանի կինոռեժիսոր
«Ոսկե ծիրան 2014-ի» «Հետահայաց ցուցադրությունների» ծրագիրը կներկայացնի համաշխարհային մեծության հինգ ռեժիսորի ֆիլմերի ընտրանի: Մասնավորապես, կներկայացվեն աշխարհահռչակ կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Կիմ Կի-դուկի (Հարավային Կորեա), Ցզյա Չժան-կեի (Չինաստան), Օթար Իոսելիանիի (Վրաստան-Ֆրանսիա) և Ամոս Գիտայի (Իսրայել) ֆիլմերը:
«Ոսկե ծիրանը» պատիվ կունենա «Փարաջանովյան թալեր» մրցանակով պարգևատրել Կիմ Կի-դուկին, Ցզյա Չժան-կեին, Օթար Իոսելիանիին և Ամոս Գիտային, ովքեր փառատոնը կպատվեն իրենց ներկայությամբ: Օթար Իոսելիանիի հետահայաց ցուցադրությունները կիրականացվեն որպես «Հարգանքի տուրք» ծրագիր` ի պատիվ հռչակավոր կինոռեժիսորի 80-ամյա հոբելյանի:
Սոցիալական փոփոխությունների կինո` «Ոսկե ծիրան 2014»-ում
Այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համագործակցությամբ culture.pl-ը հպարտությամբ ներկայացնում է մի շարք ցուցադրություններ և սեմինարներ՝ «Սոցիալական փոփոխությունների կինո» նշանաբանով: Ծրագրում ընդգրկված բազմազան գործերը միավորում են այլևայլ երկրների առանձին քաղաքացիների կամ խմբերի ջանքերը, որոնք ուղղված են սոցիալական և քաղաքական պայմանների փոփոխությանն այն վայրերում, որտեղ նրանք բնակվում են:
Ցուցադրությունների համար ընտրված ֆիլմերն ապահովում են քաղաքացիական ակտիվության «համընդհանուր պատկերը» նախկին Հարավսլավիայից, Հայաստանից և Լեհաստանից մինչև Մեքսիկա, Չինաստան և Աֆղանստան:
Ծրագիրը կբացվի լեհ ճանաչված ռեժիսոր Վալդեմար Քշիստեկի «80 միլիոն» ֆիլմով, որը Լեհաստանը 2013-ին առաջադրել էր «Օսկար» մրցանակի: Ֆիլմին կհետևի քննարկում՝ Լեհաստանի հակակոմունիստական դիմադրության առաջատար գործիչ և խոշորագույն օրաթերթի ներկայիս գլխավոր խմբագիր Ադամ Միխնիկի, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյայի և հեռարձակվող լրագրության ոլորտում ու անկախ ԶԼՄ-երում աշխատելու ավելի քան 25 տարվա փորձ ունեցող հայ լրագրող Նունե Սարգսյանի մասնակցությամբ:
Ի լրումն քննարկման՝ Ռիչարդ Պենյան փառատոնի ընթացքում կանցնացնի երկու սեմինար:
Ծրագրի մեկ այլ կարևոր կետ է «Ազատության կանչը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագիրը, որի համադրողներն են Ռիչարդ Պենյան և Ադամ Միխնիկը, կազմակերպել է culture.pl-ը որպես այն նախագծի մի մասը, որը նպատակ ունի մշակութային համագործակցություն և մշակութային փոխանակումներ նախաձեռնել ու զարգացնել Արևելյան գործընկերության երկրների հետ: