Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
-Պարո'ն դատավոր, թույլ կտաք էրեխուս գրկեմ, երեք ամիս չեմ տեսել:
-Ո՞վ է Ձեր երեխան:
-Ալբերտը Հակոբյան (ամբաստանյալ):
-Բա նա երեխա՞ է:
-Դե, ինձ համար երեխա է:
-Գրկեք:
Մինչ դատական նիստի սկիզբը 22-ամյա Ալբերտի մայրը դատարանի նախասրահում անհանգիստ սպասում էր, թե որդուն երբ էին քրեակատարողական հիմնարկից դատարան բերելու: Պատմում էր, որ հիվանդանոցում է եղել, չի կարողացել որդուն տեսակցել, իսկ այս դատական գործի մասին էլ պատահական է իմացել: Իսկ արդեն նիստից հետո երբ գրկախառնվեց, համբուրեց որդուն, քիչ հետո հուզական ծանր վիճակում դուրս եկավ դատական նիստերի դահլիճից:
Ալբերտը մեղադրվում է սուտ ցուցմունքներ տալու մեջ: Համաձայն մեղադրականի` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության մեջ է մեղադրել ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներին:
Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով (մեղադրյալ է եղել այդ գործով և դատապարտվել է 12 տարվա ազատազրկման) դատարանում հայտարարել է, իսկ հետագայում նաև հանցագործության մասին գրավոր հաղորդում տվել այն մասին, որ ոստիկանների կողմից ենթարկվել է խոշտանգումների, ինչի հետևանքով իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել:
Ամբաստանյալի աթոռին է նաև Արտաշես Բաղումյանը, ով վերոհիշյալ գործով մեղադրյալ է եղել և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Նույն այդ գործի շրջանակներում դատարանում, համաձայն մեղադրականի, սուտ ցուցմունք է տվել, թե ավագ քննիչ Մեսրոպ Մանասյանին 2000 դոլար է տվել, որպեսզի նա ոչնչացվի իր նախկին ցուցմունքները:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել Ալբերտի փաստաբան Մարինե Թովմասյանը, դատարանին հեռախոսով տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ հարազատի մահվան պատճառով, և խնդրել էր նիստը հետագձել:
Ամբաստանյալը նույնպես միացավ իր փաստաբանի միջնորդությանը: Մյուս մեղադրյալն այս միջնորդության վերաբերյալ կարծես ոչ մի որոշակի բան չասաց: Հասկանալի էր, որ կուզենար, որ նիստը շարունակվեր, սակայն որոշումը թողեց դատարանի հայեցողությանը:
Մեղադրող դատախազ Նիկոլայ Բարսեղյանը նույնպես չառարկեց նիստը հետաձգելու դեմ` նշելով, որ նման միջնորդություն ինքն էր պատրաստվում անել, քանի որ գործում նոր է որպես մեղադրյալ ներգրավվել և դեռևս չի հասցրել նյութերին ծանոթանալ:
Նշենք, որ նախորդ դատական նիստում Ալբերտն իր մեղքն ընդունել է և միջնորդել դատն անցկացնել արագացված կարգով: Սակայն մյուս ամբաստնյալը հրաժարվել է փաստաբան ունենալ, հետևաբար` դատավարությունն արագացված կարգով չէր կարող իրականացվել: