Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպումից հետո հայտարարել է. «Երեք երկրներն աջակցում են միջազգային իրավունքի հիմք հանդիսացող՝ տարածքային անձեռնմխելիության սկզբունքին»: Իր հերթին Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն ընդգծել է` իրենք` երեք հարևաններով, միջազգային ասպարեզում բավական արդյունավետ են համագործակցում, աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Այս առնչությամբ Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Չավուշօղլուն իր հայտարարության մեջ, որ արել է երեք երկրների անունից, մոռացել է մեկ շատ կարևոր սկզբունք` ազգերի ինքնորոշման իրավունքը:
«Եթե նա խոսում է խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության մասին, հարկ կա նրա հիշողությունը թարմացնելու. եթե մոռացել է, կարող ենք հիշեցնել, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա, որոնցում ամենակարևորն ու առանցքայինը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է»,- շեշտեց նա:
Շարմազանովն ընդգծեց, որ, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, ոչ մի խնդիր չի կարող լուծվել:
Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա, ըստ ԱԺ փոխխոսնակի, այստեղ այլ ասելիք չկա, քան իրականությունը` Արցախը երբեք` ոչ մի ժամ, ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան, անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: «Երբ ադրբեջանցիները խոսում են տարածքային ամբողջականության մասին, դա Արցախի հետ ոչ մի կապ չունի»,- ընդգծեց նա:
Մեր դիտարկմանը` Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն էլ է ճանաչում, այսպես ասած, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Շարմազանովն արձագանքեց. «Անկախ նրանից` ով է ասում, ով չի ասում, ես ասում եմ, որ նրանք, ովքեր խոսում են խաղաղ կարգավորման ու տարածքային ամբողջականության մասին, բայց մոռանում են ինքնորոշման իրավունքի մասին, կա'մ թող մեղր ուտեն, կա'մ էլ մենք ստիպված պետք է հիշեցնենք` իրենք ուզեն, թե չուզեն խնդրի հիմքը ինքնորոշման իրավունքն է: Արցախը 26-ամյա անկախ պետություն է: Չավուշօղլուն կուզի ընկերների հետ տեսնել դա, չի ուզի տեսնել, դա նրանց խնդիրն է»:
Շարմազանովը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Արցախն անկախ է: «Արցախի անկախությունն այլընտրանք չունի, և Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»,- շեշտեց նա: