կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 15:31
Հասարակություն

Արագաչափերից տուգանքների 50-50 հարաբերակցությունը կարող է փոփոխվել` հօգուտ բյուջեի

Արագաչափերից տուգանքների 50-50 հարաբերակցությունը կարող է փոփոխվել` հօգուտ բյուջեի

ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր «Վարչական իրավախախումների մասին վերաբերյալ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ նախագծով կարգավորվում է իրավախախտումների ու տուգանքների համաչափության հարցը ճանապարհատրանսպորտային երթևեկության բնագավառում: Ըստ այդմ` առաջարկվում է նվազեցնել որոշ` ոչ մեծ վտանգավորության աստիճան ունեցող խախտումների տուգանքների չափը վարորդների համար, ընդհուպ` մինչև կիսով չափ:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգմավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց Արթուր Օսիկյանին` ասելով, որ լավ է, երբ մասսայական տուգանքների չափը նվազում է, և դա գովելի է, բայց,  օրենսդրության համաձայն, տույժերն ու տուգանքները պետք է մտնեն բյուջե, բայց արագաչափերի պարագայում, պայմանագրերը կնքվել են մասնավոր կազմակերպության հետ, և այդ տուգանքների զգալի մասը գնում է մասնավոր մարդկանց գրպանը: «Քաղաքացին շատ կուզեր, որ այդ տուգանքները գնային բյուջե` թոշակառուին թոշակ տալու, ուսուցչի աշխատավարձը բարձրացնելու համար, որովհետև խոսքը միլիարդավոր գումարների մասին է: Հիմա ե՞րբ է կառավարությունը պատրաստվում փակել պետբյուջեի հափշտակության օրինականացման երևույթը»,- հարցրեց Ջհանգիրյանը:

 

Արթուր Օսիկյանը պատասխանեց, որ արագաչափեր կիրառող մասնավոր ընկերությունը 6.5 միլիարդ դրամի ներդրումներ է կատարել, իսկ գանձվող գումարների հարաբերակցությունը 50-50 է, այսինքն` կեսը մտնում է բյուջե, կեսն էլ` ներդրումների մարումն է` մասնավոր ընկերության կողմից:

 

«Այնպես չէ, որ կառավարությունը չի քննարկում հարաբերակցությունը փոփոխելու մասին: Կառավարությունը առաջիկայում հանդես կգա առաջարկությամբ` գուցե հարաբերակցությունը հօգուտ բյուջեի փոփոխելու մասին»,- ասաց Արթուր Օսիկյանը:

 

Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց. «Կառավարությունը դեմ չի` քիչ եք ասում, կառավարությունը կողմ պետք է լինի, որովհետև բազմաթիվ ծրագրեր բյուջեի քննարկման ժամանակ կառավարությունը չի իրականացնում` պատճառաբանելով, որ բյուջեում գումար չկա»: