կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 15:22
Քաղաքական

Անուշադիր են եղել

Անուշադիր են եղել

Այն, ինչ երկար տարիներ ընդդիմության պահանջն էր՝ քվեարկությանը մասնակցածների ընտրացուցակների հրապարակումը, ներառված է նոր ԸՕ-ում, ուստի ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա կարծիքով` այս նոր ԸՕ-ն էլ չի լուծելու մեր արատավոր ընտրական համակարգի խնդիրները: «Մենք տեսանք, թե նոր Սահմանադրությունն ինչպես այլանդակվեց Գյումրիում և Վանաձորում: Գյումրիում, ըստ էության, հաղթել էր ընդդիմությունը, բայց ինչ-ինչ պատճառներով հաղթանակը թույլ չտվեցին ամրագրել: Այո՛, մենք կքվեարկենք կողմ: Քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարկումը մի աննշան վստահություն ավելացնելու է ընտրական գործընթացի հանդեպ, բայց դա չի լուծելու մեր ընտրական համակարգի բոլոր արատավոր բացերը, դա լինելու է մի փոքր գործիք»,- ասաց պատգամավորը:

Ըստ Զոհրաբյանի` ընտրական համակարգի բացերը լուծելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք: «Եթե անգամ ոսկերչական ճշգրտությամբ հաստատված օրենք առաջարկվի, դա ևս չի լուծելու ընտրական համակարգի բոլորը խնդիրները, եթե չկա քաղաքական կամք` անցկացնելու արդար և թափանցիկ ընտրություններ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԿԸՀ որոշման դեմ («Բալասանյան դաշինք»-ին տրվեց 17 մանդատ Գյումրու ավագանու կազմում) իրենց հայցին, Զոհրաբյանը նշեց, որ դատարանը հայտարարելու է, որ հայցն անհիմն է:

«Ապրում ենք մեր իրականության մեջ և շատ լավ գիտենք, թե մեր իրականության մեջ լուծումներն ինչպես են լինելու: Իհարկե, մերժելու են, բայց մենք շարունակելու ենք մեր իրավական գործընթացը, նաև Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ներկայացնելու ենք մեր առաջարկները, կներկայացնենք նաև գրավոր, որպեսզի  բոնուսային համակարգի այդ անհեթեթությունը վերանայվի»,- ընդգծեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ-ն է ընդունել բոնուսային համակարգով օրենքը, իսկ իրենց խմբակցությունն էլ կողմ է քվեարկել, Զոհրաբյանը նշեց, թե իրենք գուցե անուշադիր են եղել: