կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-24 20:11
Հասարակություն

Ցեղասպանության զոհերին հիշատակին նվիրված միջոցառումներ` Բրյուսելում և Մոսկվայում

Ցեղասպանության զոհերին հիշատակին նվիրված միջոցառումներ` Բրյուսելում և Մոսկվայում

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի:

 

Հոգևոր արարողությանը հաջորդեց բազմամարդ երթ դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, որտեղ հոգևոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն:

 

Ներկաներին իրենց խոսքը հղեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը ևԲելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանը:

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության, քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական, թութսի, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ լրագրողներ:

 

Ծաղկեպսակներ զետեղվեցին Բելգիայի Սենատի նախագահի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների անունից:

 

Ավելի վաղ` ապրիլի 23-ին, հայ երիտասարդության ջանքերով կազմակերպվել էր մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

 

Միևնույն ժամանակ, ապրիլի 24-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողությունն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

 

Արարողությանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Գերաշհորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար մարմնի անդամներ, մոսկովյան բուհերի հայ ուսանողներ ու մոսկվաբնակ հայեր:

 

Ծաղկեպսակների և ծաղիկների տեղադրման արարողությունից հետո Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց 1915թ.-ի կոտորածներին զոհ դարձած 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին նվիրված հոգեհանգիստը` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ: