կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-17 13:01
Քաղաքական

«ՕԵԿ-ին ընդդիմություն պատկերացնո՞ւմ եք» հարցը ժպիտ առաջացրեց ՀՀԿ-ական պատգամավորի մոտ

«ՕԵԿ-ին ընդդիմություն պատկերացնո՞ւմ եք» հարցը ժպիտ առաջացրեց ՀՀԿ-ական պատգամավորի մոտ

Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի` լինում են քաղաքական իրավիճակներ, երբ կտրուկ շրջադարձներն անխուսափելի են: «Քաղաքական մթնոլորտ, իրավիճակ է փոխվում: Այս պարագայում, տարբեր քաղաքական ուժեր, ելնելով իրենց ռազմավարությունից, կարող են տարբեր որոշումներ կայացնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը՝ անդրադառնալով ՕԵԿ-ի երեկվա հայտարարությանը:

 

Անդրադառնալով ՕԵԿ-ի այն պատճառաբանություններից մեկին, թե ԱԺ-ում իրենց 2 տասնյակից ավելի օրինագծերը օրենքներ չեն դառնում, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ երբ կոնստրուկտիվ առաջարկներ են լինում, որոնց հիմքում կա ճիշտ գաղափարախոսություն, ապա, անկախ նրանից, թե ով է այդ օրենքի նախագծի հեղինակը, այդ օրինագիծն ով է ներկայացնում, այն ընդունվում է:

 

«Մենք այդ փորձն ունենք: Վերջին շրջանում ստորագրել են շատ օրենքների տակ` և' իշխանական, և' ընդդիմության ներկայացուցիչներ: Այսինքն` էդպիսի ջրբաժան դնելը, կարծում եմ, սխալ է: Այո, կան դեպքեր, երբ, օրինակ, ՀՀԿ-ի օրինագծերն էլ են մերժվել: Հնարավոր է, որ պահի թելադրանքով այդ օրենքն այդ պահին նպատակահարմար չի ընդունել, որովհետև գործադիրը շատ ավելի լավ գիտի, թե գործնականում օրենքը ոնց է կիրառվում»,- ասաց պատգամավորը:

 

Դիտարկմանը, որ ՕԵԿ-ը նեղացած է, որ Սերժ Սարգսյանն անգամ լսել չի ցանկացել վարչապետի իրենց թեկնածուի՝ Արթուր Բաղդասարյանի մասին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Մեր ՀՀ նախագահն իր տեսլականն ունի` կապված կառավարության, վարչապետի հետ, և եթե այդ հարցը համարվում է անքննարկելի, ապա պետք չէր քննարկել: Իսկ ինչ վերաբերում է նեղանալուն, խռովելուն կամ այդ հարցից բխող հետևանքներին, կարծում եմ, որ քաղաքական ուժը պետք է զերծ մնա այդպիսի ձևակրպումներից, որովհետև քաղաքականությունում նեղանալ, խռովել չկա»:

 

Իսկ, որ ըստ ՕԵԿ-ի` «նոր կառավարությունը պետք է ձևավորված լինի կիրթ, գրագետ… թիմից», այս դիտարկմանը Աճեմյանն արձագանքեց, որ դա կախված է նրանից, թե ինչքանով է կառավարությունը գրագետ իրականացնում իր ծրագրերը:

 

Առաջիկայում ԱԺ-ում կառավարության ծրագիրն է քննարկվելու: «Վարչապետի գործունեությունն առանցքային է այն առումով, որ կարողանա համակարգել ամբողջ համակարգի աշխատանքը: Ես կարծում եմ, որ պետք է դինամիկ աշխատել, որ արդյունքները տեսանելի լինեն»,- նշեց պատգամավորը:

 

Իսկ «ՕԵԿ-ին ընդդիմություն պատկերացնո՞ւմ եք» հարցը ժպիտ առաջացրեց Աճեմյանի մոտ: «Ճիշտն ասած` որևէ կապ չունի, թե ես ինչ եմ պատկերացնում: Եթե իրենք պատկերացնում են, ուրեմն` կլինի: Կարևորն իրենց որոշումն է: Թե մենք ի՞նչ ենք պատկերացնում, կարևոր չէ: Ժամանակը ցույց կտա»,- ասաց նա: