Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեքշաբթի` ապրիլի 15-ի առաւօտեան ժամը 11:00-ին, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ «Ռուբէն» երիտասարդական միութեան, երիտասարդական բողոքի համահաւաք կայացաւ Սպահան քաղաքի Մոթահառի կենտրոնական պողոտայի վրայ գտնւող «Turkish airlines» -ի գրասենեակի առջեւ` ի բողոք Թուրքիայի հովանաւորութեամբ Սիրիայի Լաթաքիա շրջանի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրայ կատարւող ռազմական գործողութիւնների եւ ի պաշտպանութիւն սիրիահայութեանը:
Շուրջ մէկ ժամ տեւողութեամբ համահաւաքի ընթացքում դատապարտանքի վանկարկումներով ու պաստառներով` բողոքարկողներն իրենց ցասման ու զայրոյթի ձայնը միացրին համայն հայութեան պահանջատենչ ձայնին:
Համահաւաքի շարունակութեան մէջ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանն անդրադառնալով վերջերս Քեսաբում տեղի ունեցածին` կարեւորութեամբ ընդգծեց, որ հայը յարութիւն առնող ժողովուրդ է եւ նման երիտասարդներով կանգուն է եղել ու պէտք է յարատեւի` ի շահ մեր ընդհանուր գաղափարների ու պահանջատիրութեան£ Հայր Սուրբն աւելացրեց նաեւ, որ համայն հայութիւնը չի լռելու կատարւածի կապակցութեամբ եւ տէր է կանգնելու քեսաբահայութանն ու աջակցելու է նրանց£ Նա իր խօսքը եզրափակեց` պահաջելով թուրքից ծունկի գալ հայի առջեւ եւ ներողութիւն խնդրել կատարւածի համար:
Հայր Սուրբի խօսքին յաջորդեց օրւայ բանաձեւի ընթերցումը, որտեղ դատապարտելով Թուրքիայի ոտնձգութիւնները Սիրիայի` ի մասնաւորի Քեսապ քաղաքի նկատմամբ, ՄԱԿ-ից եւ մարդու իրաւունքները պաշտպանող միջազգային կազմակերպութիւններից պահանջւում էր կանխել Թուրքիայի աջակցութիւնն ու հովանաւորութիւնը տերորիստ-ծայրայեղական խմբաւորումների ոճրագործութիւնների իրականացման ուղղութեամբ, իսկ Իրանի պետութիւնից խնդրւում էր իր դիւանագիտական բոլոր հնարաւորութիւնները ի գործ դնել` տարածաշրջանի քրիստոնեաների ու մուսուլմանների խաղաղ համակեցութեան համար:
Վերջում մասնակիցները տեղափոխւեցին Ս. Ա Վանք, ուր Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակն յաւերժացնող յուշարձանի մօտ կատարւեց ծաղիկների մատուցում:
Համահաւաքին ներկայ էին նաեւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, «Ռուբէն» երիտասարդական միութեան եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի անդամները, հայոց ազգային դպրոցների աւագ աշակերտներ ու համայնքի անդամներ: