կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-01 11:29
Հասարակություն

ԵՊՀ 30 աշխատակից անգո՞րծ է մնալու

ԵՊՀ 30 աշխատակից անգո՞րծ է մնալու

Այսօր «ԵՊՀ մտահոգ դասախոսներ» ստորագրությամբ նամակ էինք ստացել, ըստ որի` դասախոսները բողոքում են, որ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը հիմա էլ որոշել է ԵՊՀ-ի պահպանության ծառայությունն «իրենով անել»:

 

«Ղարիբյանը որոշել է ԲՈՒՀ-ի անվտանգության ծառայությունը հանձնել մասնավոր թիկնապահական ընկերության, որի արդյունքում ավելի քան 30 աշխատակիցներ դուրս են մնալու, իսկ տենդերի կազմակերպումը և հատկապես կոնկրետ թիկնապահական ընկերության ընտրությունը բացառապես պայմանավորված է լինելու Ալիկ Ղարիբյանի և տվյալ ընկերության հարաբերություններով և հետագայում ատկատների հստակ ծավալներով: Այլ կերպ ասած, ով ավելի շատ ատկատ տա Ալիկին, նա էլ կհաղթի տենդերում և «կապահովի» ԵՊՀ-ի անվտանգությունը»,- նշված է նամակում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Ղարիբյանը նշեց, որ առաջիկայում, այո, անցկացվելու է մրցույթ` ԵՊՀ անվտանգությունն ապահովող կազմակերպություն ընտրելու համար: Սակայն, նրա հավաստմամբ, դա ամենևին էլ չի նշանակում, որ իրենց աշխատակիցները մնալու են առանց աշխատանքի:

 

«Նամակում գրվածը պարզապես հերյուրանք է: Ես երաշխավորում եմ, որ որևէ մեկն աշխատանքից չի ազատվելու: Մենք իրավունք ունենք ԵՊՀ-ի անվտանգության ապահովումն իրականացնելու համար մրցութային կարգով այն տալ որևէ ընկերության, ինչն էլ փորձում են շահարկել և ստահոդ տեղեկություններով մեր անվտանգության աշխատակիցներին տրամադրել իմ դեմ ու խաթարել ԲՈՒՀ-ի բնականոն գործընթացը: Մեր ներկայիս բոլոր աշխատակիցներն աշխատանքի մեջ ներգրավվելու են, իսկ նրանք, ովքեր հարմար չեն, պահակային ծառայության իրենց կետերում քնում են և չեն համապատասխանում անվտանգության աշխատակցի պահանջներին, բնականաբար, կարող է և ազատվեն աշխատանքից»,- ասաց Ղարիբյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ բուհի անվտանգությունն ապահովելը կոնկրետ իր իրավասությունը չէ: Ղարիբյանի կարծիքով` ԵՊՀ-ի անվտանգությունն ապահովելը ոչ միայն ղեկավարության, այլ նաեւ բոլոր աշխատակիցների և ուսանողների խնդիրն է:

 

«Ցավոք, մեզ մոտ խնդիր կա, ես մտահոգ եմ, և այդ մտահոգությունն ինձ հետ բոլորն են կիսում` դասերի ժամանակ մեկ էլ մարդիկ են սկսում դռները բացել-փակել: Մենք այժմ փորձում ենք մեր անվտանգության հարցը կարգավորել: Մրցույթը շահելու գլխավոր պահանջը հետևյալն է` աշխատակիցները պետք է ունենան ծառայողական իրավունք, այսինքն` համապատասխան փաստաթուղթ: Եթե մեր ներկայիս անվտանգության աշխատակիցներից որևէ մեկը չի ունենա այդ փաստաթուղթը, վերապատրաստման կուղարկենք, որ հետագայում ստանա այն»,- ասաց Ղարիբյանը:

 

Ի դեպ, անանուն նամակն ուղարկվել էր Սարմեն Մինասյան անունով մեկից: Ղարիբյանի պնդմամբ` ԵՊՀ-ի աշխատակիցների կազմում չկա նման անունով մարդ: «Կեղծ հասցե են բացել, բա հո հերյուրանք տարածելիս իրենց անուն-ազգանունը չէի՞ն նշի»,- ասաց նա: