կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-26 17:25
Տնտեսական

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սնանկ կհայտարարվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ընկերությունը  սնանկ կհայտարարվի

Yerkir.am-ի տեղեկություններով` Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը,  մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի իր սնանկացման մասին: Այս ընկերությունը, որը սպասարկում է մոտ 935 000 սպառողի, կհասցվի կանխամտածված սնանկության, եւ այդ կերպ կլուծվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: 

 

Մեր տեղեկություններով` ՀԷՑ-ի հնարավոր սնանկացումը կապված է ընկերությունում վերջին շրջանում ի հայտ եկած ճգնաժամի հետ, որի հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ: Նշենք, որ վերջին շրջանում  արհեստական սնանկացումը որոշ բարձրաստիճան պաշտոնյաների գորճելաոճն է դարձել:

 

Սնանկացման հասցված շատ ընկերությունների օրինակով ՀԷՑ-ին էլ, որպես կանոն, «օգնության ձեռք կմեկնի» արտասահմանյան ներդրումային մի ծրագիր և, ձեռք բերելով էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր, հնարավորություն կստանա բարձրացնելու սակագինը: Մեր տեղեկություններով` ներկայումս այս ընկերությունով հետաքրքրվում է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը, որն օրեր առաջ հայտարարեց Հայաստանում 500 միլիոն դոլարի ներդրում կատարելու մասին: Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի նոր գործարանի կառուցման գործընթացն էլ է կապված հենց այս ընկերության հետ:

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը, որն ունի 11 մասնաճյուղ, ՌԴ էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման օպերատոր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի դուստր ընկերություններից է:

 

Ընկերությանը արհեստական սնանկության հասցնելու հիմնական պատճառների, էլեկտրաէներգիայի թանկացման գործընթացի, դրա պատասխանատուների և ոլորտի վերաբերյալ այլ հետաքրքիր ու բացառիկ մանրամասներ yerkir.am-ը կներկայացնի առաջիկայում: