կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-21 18:38
Տնտեսական

Հայաստանի հարավային երկաթուղին կհասնի մինչեւ Իրանի հետ սահման. Ջոզեֆ Բարկովսկի

Հայաստանի հարավային երկաթուղին կհասնի մինչեւ Իրանի հետ սահման. Ջոզեֆ Բարկովսկի

Արդեն պատրաստ է «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը (տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը) եւ նախնական ծրագիրը: Ըստ այդ ծրագրի' Հայաստանի հարավային' 304.7 կիլոմետր երկարությամբ երկաթուղին պետք է ձգվի Գագարինից մինչեւ Սյունիքի մարզի Ագարակ գյուղը` Իրանի հետ սահման' անցնելով Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերով: Երկաթգծի մոտ 1/3-ը' 102.4 կիլոմետրը, կլինեն թունելներ` թվով 60: Երկաթգիծը պետք է ունենա 27 կայարան, 84 կամուրջ' 19.6 կմ ընդհանուր երկարությամբ, եւ այլն: Նախագծի ընդհանուր նախնական արժեքը 3.2 միլիարդ ԱՄՆ դոլար է, իսկ շինարարական աշխատանքները կտեւեն 6 տարի: Յուրաքանչյուր 1 կիլոմետրի շինարարության համար կպահանջվի 10.5 միլիոն դոլար: Այս թանկությունը պայմանավորված է բարդ աշխարհագրական տեղանքով եւ բավական երկար թունելային հատվածների առկայությամբ:

 

Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, շինարարությունը և շահագործումն իրականացնելու է Դուբայում գրանցված` օնշորային «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը' համաձայն 2012թ. հուլիսի 28-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկու միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի:

 

Այդ համաձայնագրի գործունեության ժամկետն է 30 տարի՝ շինարարության ավարտից հետո, ընկերությունն իրականացնելու է բացառապես ընկերության կողմից ներգրավված միջոցների հաշվին:

 

«Կոնցեսիայի հիմքում ընկած է այն գաղափարը, որ չի պահանջվելու որեւէ պետական երաշխավորություն, եւ մեր նպատակն է կենսունակ դարձնել այս նախագիծը' առանց ՀՀ կառավարության համար այս նախագծի իրականացման որեւէ ֆինանսական պատասխանատվության»,- նշեց Ջոզեֆ Բարկովսկին' հավելելով, որ այս ծրագրով Հայաստանում 3.2 միլիարդ արտաքին ներդրումներ կներգրավվեն, ինչպես նաեւ կստեղծվեն տասնյակհազարավոր աշխատատեղեր:

 

Ծրագրի իրագործման համար պահանջվող գումարի 60 տոկոսը նախատեսվում է ստանալ չինական բանկերից' 30 տարով' տարեկան 3.3 տոկոս տոկոսադրույքով: Իսկ մնացած 40 տոկոսն ակնկալվում է, որ պետք է ներդնեն այդ երկաթուղիով բեռնափոխադրումների իրականացմամբ շահագրգռված երկրները, օրինակ` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Հնդկաստանը եւ այլն: Որովհետեւ այս երկաթուղին համարվում է Ասիան Կենտրոնական Եվրոպային կապող ամենակարճ երկաթուղին:

 

Ըստ կանխատեսումների' կիրականացվի տարեկան 18.3 միլիոն տոննա բեռնափոխադրում եւ 1.2 միլիոն ուղեւորափոխադրում, ինչը, համոզմունք հայտնեց Բարկովսկին, իրատեսական է' հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ տարիներին եղած բեռնափոխադրումն ու Իրանում եւ Վրաստանում ներկայումս իրականացվող բեռնափոխադրումների ծավալը: Երկաթուղին, սակայն, կնախագծվի տարեկան 25 միլիոն տոննա բեռնափոխադրման համար: Հետագայում բեռնափոխադրման ծավալները կարող են մեծացվել:

 

Բարկովսկու տեղեկացմամբ` երկաթուղու շահագործման նախագծային արագությունը կլինի 80 կմ/ժ., այսինքն' բեռնափոխադրումների համար այն կկազմի 40 կմ/ժ., իսկ ուղեւորափոխադրումների համար' 70 կմ/ժ.:

 

«Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը` որպես «Հյուսիս- հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու է Սեւ ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին:

 

Երկաթուղու շինարարությունը, հավաստիացրեց Ջոզեֆ Բարկովսկին, կմեկնարկի 2016 թվականին, այն շահագործման կհանձնվի 2022 թվականին: Ըստ նրա` ծրագրի իրականացումն իրատեսական է, եւ այն անպայման կյանքի կկոչվի: