կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-20 13:38
Հասարակություն

Սաղ ժողովուրդն է գտնում, որ գազի հետ խնդիր կա, ես կարող է չգտնե՞մ. փոխնախարար

Սաղ ժողովուրդն է գտնում, որ գազի հետ խնդիր կա, ես կարող է չգտնե՞մ. փոխնախարար

Գազի կալորիականության հետ կապված անվստահություն ու խնդիրներ եղել են նաեւ 2000-ականների սկզբին, սակայն այդ խնդիրը լուծվել է, քանի որ տնտեսվարողները հավաքվել, գումար են տվել ու ստեղծել փոքր լաբորատորիաներ, որտեղ էլ կատարվել են համապատասխան չափումներ,  ու այդ հարցը դուրս է եկել. կառավարությունում այսօր լրագրողներին ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար, իսկ 2000-ականներին «Հայգազ»-ի տնօրեն Լեւոն Շահվերդյանը:

 

Ի վերջո, հարցի լուծումը, ըստ փոխնախարարի,  կտա գազի պարունակության ստուգումը, երբ հասկանալի լինի, թե գազի մեջ «ինչ կա»: Իսկ այդ հարցի պատասխանը կտա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի առաջարկով ստեղծվելիք համապատասխան մասնագիտական հանձնաժողովը, ուստի այդ հանձնաժողովը ստեղծելու առաջարկը Շահվերդյանը լիովին ընդունելի է համարում:

 

Թե ինչքանով վստահելի կլինի այդ հանձնաժողովի եզրակացությունը, փոխնախարարը նշեց, որ այդ հանձնաժողովում կընդգրկվեն մասնագետներ, գիտնականներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: «Մասնագետներով հագեցած հանձնաժողով կլինի, ոչ թե չինովնիկներ, այլ մասնագետներ լինեն հանձնաժողովում»,- ասաց փոխնախարարը:

 

Կարելի է գազը գողանալ, ասաց նա, միջից տանել ինչ-որ ծավալներ, բայց կալորիան գազի միջից հանելն անհնար է: Հարցին' ինքն է՞լ է գտնում, որ գազի հետ ինչ-որ խնդիր կա, Լեւոն Շահվերդյանը պատասխանեց. «Սաղ ժողովուրդն է գտնում, որ գազի հետ խնդիր կա, հիմա դուք գտնում եք, որ ես կարող է չգտնե՞մ, իհարկե, գտնում եմ»: Փոխնախարարը, սակայն, չի կարող ասել' ինչով է այդ խնդիրը պայմանավորված:

 

Իսկ տարբերություն Լեւոն Շահվերդյանն այնքանով է զգացել, որ ձմեռը ցուրտ է եղել, եւ գազի համար վճարել է ավելի շատ: «Մի 40 հազարի չափով: Դե բնակարան է, սովորական 3 սենյականոց բնակարան է: Ամառները 2-3 հազարի չափով է լինում: Հավատացնում եմ, որ ես, տանը նստած, գազի որակի մեջ փոփոխություն չեմ զգացել»,- ասաց փոխնախարարը: