Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ կառավարությունը իրականացնում է՝ ի դեմս տարբեր կառույցների, հակաօրինական է ու հակասահմանադրական, որի համար, վաղ, թե ուշ, պատասխան են տալու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով երեկ ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի համատեղ հայտարարությունը, որով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն:
Արծվիկ Մինասյանը կոչ արեց բոլոր գործատուներին ու աշխատակիցներին` չանել որևէ փոխանցում և չիրականացնել որևէ ֆոնդի ընտրություն, քանի որ որևէ պատասխանատվության հարց չի առաջանալու: «Դիմում եմ գործատուներին` որևէ կոնֆլիկտի մեջ մի' մտեք ձեր աշխատակիցների հետ, որովհետև սա կառավարության և իշխանության հերթական հնարքն է՝ կոնֆլիկտը տեղափոխել աշխատող- գործատու հարաբերությունների դաշտ, որ հետագայում ուտեն տաք բլիթները»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա կոչ արեց բոլորին` լինել վճռական, որովհետև սպառվել են այս հարցի շրջանակներում հանդուժողականության բոլոր հնարավորությունները:
Պատգամավորի խոսքով՝ ամեն օր կառավարությունը մի նոր հնարք է փորձում գտնել՝ ճնշելու և հակաօրինական վարքագիծ աշխատակիցների նկատմամբ պարտադրելու համար: Արծվիկ Մինասյանը պնդում է՝ չկա նման օրենք, որը պատասխանատվության կենթարկի գործատուներին փոխանցումներ չկատարելու համար: Ըստ նրա` կա մանիպուլյացիա կառավարության և նրան ենթակա լրատվամիջոցների միջոցով, որ ամեն ինչ ուղղված է համակարգի անխափան աշխատելուն, այնինչ համակարգը չի կարող անխափան աշխատել, քանի որ դրա մեջ շատ հակասություններ կան: Համակարգը չի կարող պարտադրվել այն մարդկանց, ովքեր իրենց նվազագույն կենսամակարդակը չեն կարողանում ապահովել: «Իրենք հիմա անցել են բացահայտ ապատեղեկատվությանը` նշելով, թե գործատուների 90 տոկոսն արդեն արել են այդ փոխանցումները, իրենք բառախաղերով փորձում են մանիպուլյացիներ իրականացնել, որովհետև պահել այլ բան է, հաշիվ փոխանցելը` այլ բան, փոխանցելը` լրիվ այլ բան»,- ասաց պատգամավորը: