Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամեն օր նոր մանրամասներ են ի հայտ գալիս քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործից:
Ոստիկանությունը դեռևս մեկ շաբաթ առաջ շտապեց հայտարարել, որ ոճրագործությունը բացահայտված է, իսկ օրեր առաջ հրապարակեց դեպքի վայրի հարակից տարածքի տեսահսկող սարքերի նկարահանածը` հունվարի 26-ի լույս 27-ի գիշերվա հանցագործությանն առնչվող անցուդարձի մանրամասները: Մասնավորապես` այն երթուղին, որով ընթացել են սպանությունը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Իսրայել Սարգսյանն (Իսո) ու Մովսես Ներսիսյանը (Մոսո): Ըստ ոստիկանության` ժամը 24-ի սահմաններում նրանք մեքենան կանգնեցնում են Բուզանդի պողոտայում: Իսրայելը մնում է մեքենայում, իսկ Մովսեսը շարժվում դեպի Արամի նրբանցքի 5/ա շենքի բակ և դարանակալում: «Հնչում են կրակոցներ, և Մովսեսը հեռանում է դեպքի վայրից, գալիս, նստում մեքենայի ղեկին, և շարժվում են, այնուհետև Իսրայելին իջեցնում է Օպերայի տարածքում, իսկ ինքը` հեռանում»,- հաղորդում է ոստիկանությունը:
Տեսախցիկներից մեկը ֆիքսել է նաև, թե ինչպես է Իսոն մայթեզրի աղբարկղի մեջ ինչ-որ բան գցում: Հետագայում պարզվում է, որ աղբամանի մեջ գցված իրը մասնատված հեռախոս է: Տեսանյութից հայտնի է դարձել նաև այն սրճարանը, ուր մտել է Իսոն և որտեղից այլ մեքենայով գնացել է հիվանդանոց` սպանված Արթուր Սաֆարյանի հարազատներին ցավակցելու:
Հենվելով հենց այս հատվածի վրա` yerkir.am-ը փորձեց փոքրիկ հետաքննություն անցկացնել: Այն սրճարանը, որտեղ մտել է Իսրայել Սարգսյանը Իսահակյան փողոցում գտնվող հայտնի «Տրիումֆ» սրճարանն է, որը, yerkir.am-ի տեղեկություններով, պատկանում է հանրությանը ոչ այնքան հայտնի գործարար Արսեն Հովակիմյանին: Մեր տեղեկություններով` Իսրայել Սարգսյանը ժամանակին այս սրճարանին անվտանգության աշխատակիցներ է տրամադրել, որոնք եղել են դուքենդո կարատեի ֆեդերացիայից: Իսկ, ընդհանրապես, իր հանդիպումների մեծ մասը նա սովորաբար կազմակերպել և բազմաթիվ հարցեր լուծել է հենց այդտեղ: Իսոյին լավ են ճանաչում նաև սրճարանի աշխատակիցները, սակայն yerkir.am-ի հետ զրույցում սրճարանի տնօրեն Գագիկ Թեհմուրադյանը նշեց, որ Իսրայելն ընդամենը իրենց հաճախորդներից է, իսկ դուքենդոյի ֆեդերացիայից բերված անվտանգության աշխատակիցներն այլևս իրենց սրճարանում չեն աշխատում: Ի դեպ, հենց այս սրճարանում 2009-ին Իսրայել Սարգսյանը հանդիպել է վերջերս Կանադայից Հայաստան վերադարձած Լուսինե Մկրտչյանի և վերջինիս փաստաբանի հետ ու քննարկել իր ազգականի մասնակցությամբ տեղի ունեցած վթարին վերաբերող հարցը: Այս գործում, որին yerkir.am-ը շուտով կանդրադառնա, ակտիվ դերակատարություն է ունեցել Իսոն և, իր ունեցած կապերն օգտագործելով, մեղադրանքը բարդել Լուսինեի վրա:
Yerkir.am-ի հետ զրույցում Լուսինեն պատմեց Իսոյի հետ ունեցած հանդիպման մանրամասները: «Մոտ մեկ-մեկուկես ժամ զրուցեցինք, ու նա այդ ողջ ընթացքում համոզում էր, որ 7000 դոլար տանք, որպեսզի իրենք մեզ վրա չբողոքեն, անգամ առաջարկեց իմ 11 հազար դոլար արժողությամբ մեքենան նվիրեմ իր ազգականին, սակայն ես վստահ էի, որ ես վթարի մեջ մեղավոր չեմ, և հրաժարվեցի այդ գործարքից` պնդելով, որ դատարանով կհասնեմ արդարության»,- պատմեց նա և հավելեց, որ Իսոն իրեն շատ վստահ ասել է, որ իր համար լավ չի լինելու:
Սակայն մոտ 4 տարի տևած քաղաքացիական գործն ու Լուսինեին առաջադրված մեղադրանքով հարուցված քրեական գործն այլ բան են վկայում: Լուսինեի խոսքով` դեպքից հետո, երբ իրեն առաջին անգամ հրավիրել են քննչական բաժին, տեսել է, թե ինչպես է Իսրայելը բոլոր քննիչների հետ գրկախառնվում, բարևում և մտնում պետի մոտ:
Ոստիկանների և Իսոյի հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունների մասին yerkir.am-ին հայտնի է դարձել նաև այլ դրվագներից: Մեր տեղեկություններով` Իսրայելը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած իր կապերի շնորհիվ ինչ-ինչ գործերով մի քանի անգամ խուսափել է քրեական պատասխանատվությունից: Տեղեկություններ կան նաև նրա և օլիգարխների, ինչպես նաև պաշտոնյաների հետ ունեցած կապի մասին: Որոշ տեղեկությունների համաձայն` նա այդ շրջանակներին թիկնապահներ և անվտանգության աշխատակիցներ է «մատակարարել», անգամ խոսակցություններ կան այն մասին, որ նախագահի թիկնապահներից ոմանք հենց նրա տրամադրած կադրերն են: Իսկ այն, որ նա երևանամերձ մի քանի խաղատների անվտանգության պատասխանատուն է եղել, yerkir.am-ն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է:
Հաշվի առնելով Իսոյի ունեցած կապերը կարելի էր ենթադրել, որ այս անգամ էլ նա խույս կտա պատժից, մանավանդ` ոստիկանությունը սկզբում նրան մեղադրանք էր առաջադրել միայն ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի` ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու մեղադրանքով: Սակայն փետրվարի 11-ին նրան առաջադրված մեղադրանքը լրացվեց` ավելացան ՀՀ ՔՕ 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը /38-104-ը` հանցագործության կազմակերպիչ/, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով/, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը /այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն/: Ավելին` ոստիկանությունն իր պատրաստած տեսանյութի միջոցով հաստատեց Սաֆարյանի սպանության կազմակերպումն ու Մոսոյի սպանությունը Իսոյին վերագրելու պատրաստակամությունը:
Արդարության համար նշենք, որ նախաքննական մարմինը, խախտելով Իսրայել Սարգսյանի անմեղության կանխավարկածը, մինչ գործի դատարան մտնելն ու գործի նյութերը կողմերին տրամադրելն ապացույցներ հրապարակելով, ստանձնում է դատարանի դերը և հաստատված համարում Իսոյի մեղավորությունը: Սակայն նշենք, որ Իսրայել Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում և առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Հետաքրքիր է, իսկ ի՞նչ հիմքերով պետք է դատապարտեն Իսրայելին, երբ գործում կարևոր նշանակություն ունեցող անձը չկա: Անգամ նրա մահացած լինելու հանգամանքն է տարօրինակ, քանի որ, ըստ ոստիկանության, Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարած Մովսես Ներսիսյանի դիակը դեռ չի հայտնաբերվել: Այսինքն` չկա մարդ, չկա պրոբլեմ: Ոստիկանությունն իր պատրաստած տեսանյութում այնքան վստահ է հայտարարում Մոսոյի սպանության մասին, որ հասարակ ունկնդիրը, կամա, թե ակամա, հավատում է դրան: Մնում է գտնել դիակն ու եղած հոդվածներով Իսոյին ուղարկել այնտեղ, որտեղ նա ժամանակին հայտնվել է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գործով: Ի դեպ, այդ գործով անցել է նաև Մովսես Ներսիսյանը, նրանք նույն մենախցում են նստել: Ինչևէ, Մոսոյի դիակը գտնելու ամենածանր և ոչ այնքան հաճելի պարտականությունն էլ ընկել է փրկարարների ուսերին, ովքեր ոչ հրապարակային, սակայն շարունակում են որոնումները կոյուղու դիտահորերում: Հենց նրանց աշխատանքի արդյունքից էլ կախված է Իսոյի ճակատագիրը: