Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր առաջ Մոսկվայից հանցավոր աշխարհի երկու ներկայացուցիչ է ժամանել Հայաստան և Արթուրի սպանությունից հետո տարբեր ժամերի վերադարձել ՌԴ: Այս մասին այսօր` Արթուր Սաֆարյանի սպանությունից 3 տարի անց, դատարանում տված իր ցուցմունքում հայտարարեց այս գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը՝ Իսոն:
«Ճշտված են այդ անձանց տվյալները, նրանք հայտնի են քրեական աշխարհում և ունեն կրիմինալ անցյալ: Դա բացահայտվել է Արթուրի սպանությունից հետո, սակայն այդ ուղղությամբ քննություն չի տարվել՝ պարզելու այդ մարդկանց ինքնությունը, առնչությունը հանցագործությանը»,- հայտարարեց նա և մանրամասն նկարագրեց գործում առկա բացթողումները:
Ըստ Իսոյի՝ իր մեղադրանքի հիմքում դրվել է իր և այս գործով նախկին մեղադրյալ Տիգրան Ասատրյանի խոսակցության մոնտաժված ձայնագրությունը, և ըստ այդմ` գործ է սարքվել իր դեմ: «Բացթողումներով գործ են սարքել և ուզում են, որ Իսրայել Սարգսյանը նստի: Ես չեմ պատրաստվում նստել դրա համար, ես կապացուցեմ, որ ես տվյալ հանցագործության մեջ չկամ: Չի կարելի մարդուն մի ձայնագրության հիման վրա դատել, մեղադրել երկու սպանության մեջ. երկու հատ տռուպ են ուզում դնել վրես, էդպես ո՞նց կարա լինի, ո՞նց կարելի է դա հասկանալ»,- ասաց նա:
Նշենք, որ, համաձայն Տիգրան Ասատրյանի նախաքննական ցուցմունքի, Արթուրի հուղարկավորությունից հետո ինքն Իսոյի հետ զրուցել է սպանության թեմայով և հայտնել, որ ոստիկանները դուրս են եկել «Մերսեդես E » մակնիշի ավտոմեքենայի հետքի վրա, և երբ Իսոն լսել է այդ մասին, այլայլվել է: Հետո, ըստ Ասատրյանի, Իսոն պատմել է, որ ի սկզբանե իմացել է` ով է սպանությունը կատարել, և որ դա Մոսոն է եղել: Ասատրյանն իր ցուցմունքում, նաեւ անդրադարձել է, թե ինչու էր ձայնագրել իր ու Իսոյի խոսակցությունները և ինչու է դրանք մոնտաժել:
Իսրայել Սարգսյանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ այդ ձայնագրությունը մոնտաժված ,է և որ իրականում ինքը, կասկածելով Տիգրանին, նման խոսակցություն է հետն ունեցել՝ փորձելով պարզել` նա կապ ունի կատարվածի հետ, թե՝ ոչ:
Ըստ Իսոյի՝ Տիգրան Ասատրյանը մոտ մեկուկես ժամ տևած իրենց խոսակցությունից պահել է միայն 18 րոպեն և դա ներկայացրել նախաքննական մարմնին:
«Ինչպե՞ս է տեղավորվում տրամաբանության մեջ այն փաստը, որ ես գնում եմ Տիգրանի մոտ և ասում, որ` ես քո ընկերոջը, քո սանիկի հորը սպանել եմ»,- ասաց նա՝ նշելով, որ կա'մ ինքը հոգեկան մարդասպան է եղել, որ նման հիմար քայլ աներ, կա'մ մտածված է դա արել՝ պարզելու համար ճշմարտությունը:
Ամբաստանյալի խոսքով՝ իր համար կասկածի տեղիք էր տվել այն հանգամանքը, որ Տիգրանը, լինելով Թևոսի թշնամին, նրա եղբոր՝ Արթուրի երեխաների քավորն էր դարձել: «Քավորությունից հետո, երբ Արթուրի սպանությունը տեղի ունեցավ, շատ հարցականներ առաջացան»,- նշեց նա:
Իսրայել Սարգսյանն ուշագրավ մանրամասներ պատմեց նաև Տիգրան Ասատրյանի և Թևոս Սաֆարյանի թշնամանքի մասին: Նրա խոսքով` Տիգրանն ու Թևոսը ընկերներ են եղել, սակայն նրանց հարաբերությունները լարվել են 2007-ին. Տիգրանն իրեն պատմել է, որ 2007-ին մի թանկարժեք ապրանք է ունեցել, որը չի կարողացել վաճառել և դիմել է Թևոսի օգնությանը, վերջինս այն վաճառել է 5 մլն դոլարով, սակայն նրան այդ գումարը չի տվել:
«Տիկոն քաղաքում տարբեր մարդկանց, այդ թվում` լուրջ մարդկանց մոտ հայտարարել է, որ Թևոսն իրեն գցել է, ինքը դրա համար պատասխան է տալու, իրավունք չուներ իր նման ընկերոջը գցել, և որ ինքը դրա համար պատժելու է նրան: Եվ երբ Տիգրանն Արթուրի երեխաներին քավոր կանգնեց, բոլորը զարմացան: Քավորությունը լավ բան է, բայց եթե այդ ընտանիքի հետ թշնամանք կա՝ անհասկանալի է»,- նշեց Սարգսյանը:
Այսօրվա իր ցուցմունքում ամբաստանյալն ուշադրություն հրավիրեց 2014-ի փետրվարի 1-ին տեղի ունեցած մի խոսակցության վերծանման վրա, որում Տիգրան Ասատրյանն իր զրուցակցին՝ ոմն Եղիշի, ասում է. «Արթուրն էդ ամեն ինչն արեց, որ խաղաղություն լինի մեր ընտանիքների մեջ»: Ի պատասխան՝ Եղիշն ասում է. «Գիտեմ, ցավդ տանեմ, դառան 0-0, քվիթ եղան: Սատանեքը ըտենց են, ապե', սատանեքը ըտենց են»: Այնուհետև Տիգրանն արձագանքում է.«Առաջին սատանեն գիտե՞ս ով ա, Եղի'շ, 66 թվին ծնված, սաղ սատանի թվերով սատանա ա էլի, մի հատ արցունք աչքերից դուրս չի եկել»:
Իսոյի խոսքով՝ այդ խոսակցության մեջ խոսքը վերաբերել է Թևոս Սաֆարյանին:
Ամբաստանյալը հրապարակեց նաև Թևոս Սաֆարյանի հեռախոսային ձայնագրության վերծանումից մի հատված, որում Թևոս Սաֆարյանը, խոսելով Տիգրան Ասատրյանի մասին, ասում է. «Հազար անգամ ասել եմ Արթուրին, էդ մուտիլովչիկ Տիկոյին քավոր հանկարծ չկանգնացնես»:
Ամբաստանյալի խոսքով՝ բոլորը գիտեին, որ Տիգրան Ասատրյանի ֆինանսական վիճակը լավ էր, իսկ Արթուր Սարգսյանը 130.000 դոլար պարտք ուներ: «Տիգրանը եթե լավ ընկեր էր, թող մինչև նրա մահանալը օգներ Արթուրին պարտքերը մարելու հարցում, ոչ թե Արթուրի հուղարկավորությունից հետո ասեր, որ ինքը կփակի պարտքերը: Այս երկրում ո՞վ է նման բան տեսել, որ մարդն ինքնակամ որոշի նման չափերի պարտք փակել, խոսքը ոչ թե 1000, այլ 130.000 դոլար պարտքը փակելու մասին է»,- ասաց նա:
Անդրադառնալով Արթուր Սաֆարյանի սպանությանը Մովսես Ներսիսյանի մասնակցությանը` Իսրայել Սարգսյանն ասաց. «Տիկոն ուզում էր Մովսեսին մատաղացու անել Թևոսի մոտ՝ Արթուրի համար, որ ցույց տա, որ Արթուրի արյունը արյունով առել ա, ու ինքը մտածում էր, որ այդպիսով իրենց միջի թշնամությունը կարան մոռանան, բայց ինքը չի հասկանում, որ էդ տենց չի»:
Նրա խոսքով՝ Մոսոն նորմալ, հայրենասեր տղա է եղել, Արցախյան պատերազմին է մասնակցել, և ոչ ոք չի կարող ասել, որ նա կյանքում մարդ է սպանել: «Երբ ես հասկացա, որ Մովսեսը չկա էս սպանության մեջ, կարողացա էնպես անել, որ Մովսեսը ուղղակի հեռանա Հայաստանից, և ես դա կապացուցեմ»,- ասաց ամբաստանյալը և կարծիք հայտնեց, որ իր վերաբերյալ դատավճիռն արդեն կանխորոշված է: «Կարծում եմ, որ արդեն կանխորոշված է իմ վճիռը, բայց ես կապացուցեմ, որ ես մաքուր եմ, փառք Աստծո, կա Եվրադատարան, ով մեղավոր է՝ պատասխան է տալու էս ամեն ինչի համար»,- եզրափակելով ցուցմունքը` ասաց նա:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ