Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լոռվա ձմեռ» միջոցառման անցկացումը տարօրինակ զուգադիպությամբ այս տարի համընկավ շաբաթ օրը Վանաձորում անցկացված «Դեմ եմ պարտադիրին» բողոքի ակցիայի հետ: Վանաձորցիների խոսքով` սովորաբար «Լոռվա ձմեռ» միջոցառումն անցկացվում է փետրվարի վերջին կիրակի օրը: Yerkir.am-ի հարցին` սովորաբար ո՞ր օրն է անցկացվում «Լոռվա ձմեռ» միջոցառումը, և ի՞նչ ընթացակարգով է օրը որոշվում, Վանաձորի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Էդիկ Հովսեփյանը պատասխանեց. «Անցկացվում է փետրվար ամսին` ըստ ձյան առատության»:
Մեր հարցին` ո՞վ է որոշում ձյան առատությունը, Է.Հովսեփյանը պատասխանեց, որ երբևիցե միջոցառման անցկացման հստակ օր սահմանված չի եղել: Նրա խոսքով` կան համապատասխան մասնագետներ, որոնք գնում են, նայում, եղանակի տեսությունը լսում ու որոշում են, թե որ օրն է հարմար` ըստ ձյան առատության, միջոցառման անցկացման համար: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե վանաձորցիները պնդում են, որ միջոցառումը միշտ անցկացվում է փետրվարի վերջին կիրակի օրը, քաղաքապետարանի աշխատակիցը նշեց. «Ուրեմն էդ ասողները ոչ տեղյակ են «Լոռվա ձմեռ» միջոցառումից, ոչ էլ պատմությունից»:
Մեր այն հարցին` կարելի՞ է ենթադրել, որ փետրվարի 8-ը այս տարվա ամենաձյունառատ օրն էր, Է.Հովսեփյանը պատասխանեց. «Այո, այո»: Ինչ վերաբերում է այն զուգադիպությանը, որ միջոցառումը անցկացվեց Վանաձորում «Դեմ եմ պարտադիրին» բողոքի ակցիային զուգահեռ, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ դա զուտ պատահականություն էր, քանի որ մոտ երկու շաբաթ առաջ էր պլանավորվել «Լոռվա ձմեռ» միջոցառման անցկացումը: «Այնպես որ` բողոքի ակցիայի մասնակիցները հանգիստ կարող էին փոխել իրենց բողոքի ակցիայի օրը, ի՞նչ խնդիր կար` մեկ այս կողմ, այն կողմ»,- ասաց նա: