Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցի ընտանիքի հետ մեր համապատասխան կառույցները կատարում են համապատասխան աշխատանք, և կընդունվի համապատասախան որոշում, թե ինչ ճակատագիր կունենա այդ ընտանիքը: Այդ ամենը պահանջում է որոշակի իրավական ընթացակարգ, որի ուղղությամբ մենք աշխատում ենք. այսօր լրագրողներին հայտնեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ խոսելով երեկ ՀՀ-ից ապաստան խնդրած ադրբեջանական ընտանիքի մասին:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը և ՀԱՊԿ արձագանքի բացակայությանը, Արթուր Բաղդասարյանը չհամաձայնեց, թե ՀԱՊԿ-ը լռում է: Նա նշեց, որ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս արձագանքել է այդ սադրանքներին: «Մենք չենք կարող ակնկալել, որ, յուրաքաչյուր դեպքի հետ կապված, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի, ինչքան էլ ողբերգական ու դատապարտելի լինեն այդ դեպքերը: Դա նրանց իրավունքն է»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով ևս մեկ անգամ, որ Նիկոլայ Բորդյուժան ծանոթ է բոլոր խնդիրներին:
Նա նշեց, որ առաջիկայում Նիկոլայ Բորդյուժան ժամանելու է Հայաստան, և ԱԱԽ քարտուղարը ևս մեկ անգամ նրա հետ կխոսի այդ մասին: «Ադրբեջանը նախահարձակ է լինում ու օգտագործում իր դիպուկահարներին, բայց հաջորդ օրը պաշտոնական հաղորդագրություն է տարածում, թե հայկական կողմից եղել է դիվերսիոն հարձակում, ինչն էլ հերքվում է մեր կողմից: Այսինքն` նախահարձակ է լինում ու գցում դիմացինի վրա»,- ասաց նա:
Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ իրոք, մտահոգիչ է այդ լարվածությունը, բայց որքան էլ Հայաստանը ցանկանա, որ ՄԽ համանախագահները դատապարտեն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ՄԽ-ն դա չի անելու, որովհետև նրանց դերը խաղաղություն ապահովելն է: «Չենք կարող ակնկալել Մինսկի խմբից Ադրբեջանի դատափետման քաղաքականություն, ուստի կարևորը Հայաստանի զինված ուժերի շարունակական ամրապնդումն է: Բանակցային գործընթացը պետք է շարունակվի, պետք է գտնենք խաղաղության բանալին»,- ասաց նա: