կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-06 14:16
Քաղաքական

Մենք Տարոն Մարգարյանի դեմ չենք պայքարում. Արթուր Բաղդասարյան

Մենք Տարոն Մարգարյանի դեմ չենք պայքարում. Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը չի վիրավորվում ՀՀԿ-ականների այն հայտարարությունից, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը պայքարելու են պատվավոր երկրորդ հորիզոնականի համար, քանի որ հաղթելու է ՀՀԿ-ն: Ավելին` ՕԵԿ նախագահը կարծում է, որ ՀՀԿ-ականների նման հայտարարությունը տրամաբանական է, քանի որ, եթե քաղաքական ուժը մասնակցում է, պետք է խոսի իր հաղթանակի մասին: «Բա ի՞նչ ասի ՀՀԿ-ն, ասի` ես պայքարում եմ երրորդ տեղի համա՞ր»,- տարակուսեց Արթուր Բաղդասարյանը:

 

ՕԵԿ նախագահը հայտարարեց, որ, որպես կոալիցիոն գործընկեր, ՕԵԿ-ը քարոզարշավի ընթացքում կաշկանդվածություն չի զգալու ՀՀԿ-ի կողմից նկատվող ընտրախախտումների մասին բարձրաձայնելու վերաբերյալ: Նա հիշեցրեց նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ի տարածած հայտարարությունը, որում, ըստ կուսակցության ղեկավարի, ՕԵԿ-ը «շիտակ, սկզբունքային» ներկայացրեց իր դիրքորոշումը:

 

Արթուր Բաղդասարյանը ասուլիսի ընթացքում մի շարք ՕԵԿ-ականների նման հայտարարեց, որ Տարոն Մարգարյանը կատարել է դրական աշխատանք:

 

Yerkir.am-ը նրանից հետաքրքրվեց` եթե այդքան լավն է Տարոն Մարգարյանը եւ լավ է աշխատում, ապա ի՞նչ իմաստ ունի ընտրություններին ՕԵԿ-ի մասնակցությունը, ինչո՞ւ է ՕԵԿ-ը պայքարում Տարոն Մարգարյանի դեմ: «Ես ասացի, որ մարդը կատարել է դրական աշխատանք, բայց մենք գտնում ենք, որ շատ ավելի լուրջ քայլեր է պետք իրականացնել, մենք կարող ենք ավելին: Մենք Տարոն Մարգարյանի դեմ չենք պայքարում: Այս պրիմիտիվ հարթությունից պետք է դուրս գանք. ոչ մեկ ոչ մեկի դեմ չի պայքարում, ընտրությունները նրա համար են, որպեսզի քաղաքական ուժերը մասնակցեն եւ բերեն իրենց մոտեցումները»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը:

 

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ` կարո՞ղ է երեք ոլորտ նշել, որում Տարոն Մարգարյանը թերացել է, Բաղդասարյանը պատասխանեց, որ կարող է 10 ուղղություն ասել, որտեղ կարելի է շատ ավելին անել, բայց հիմա դրա ժամանակը չէ, դրա մասին կխոսի Արմեն Երիցյանը` քարոզարշավի ժամանակ:

 

Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել մեր թղթակցի այն հարցին, թե ինքը ե՞ւս որոշ ՀՀԿ-ականների նման կարծում է, որ Տարոն Մարգարյանը Երեւանի վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է, բայց միմիկայով հասկացրեց, որ համաձայն չէ այդ կարծիքին: