Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է Արցախի նախագահի թեկնածուներին և խնդրել նրանց՝ քարոզարշավը չվերածել ստի, ատելության և թշնամանքի զորահանդեսի։
«ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀԵՏ ԿԻՍԱԾ ՀԱՑՈՎ...
Մինչ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսը, իսկ Հայաստանում՝ իրավական վակխանալիան, հայկական երկրորդ պետությունում թեժանում են նախընտրական կրքերը: Չեմ կարող ցավով չարձանագրել, որ սկսել են նշմարվել վիրավորանքի, ատելության, անհանդուրժողականության այն ցավալի տենդենցները, որոնք առ այսօր քայքայում են ու հյուծում Հայաստանը:
Նախագահի թեկնածուներից շատերին անձամբ եմ ճանաչում, շատերի հետ հաց եմ կիսել, բաժակ բարձրացրել, աշխատել ու շփվել: Անկախ մեր տարաձայնություններից՝ հարգում եմ շատերին իրենց անցած ճանապարհի համար: Ու այսօր, օգտվելով այդ մարդկային կապիտալից, մի պարզ, բայց անչափ կարևոր խնդրանք-հորդոր-կոչ-պահանջ ունեմ ձեզ:
Տղերք, հարգելիներս, խնդրում եմ ձեզ չվերածել քարոզարշավը ստի, ատելության և թշնամանքի զորահանդեսի: Այն խայտառակ բարոյահոգեբանական մթնոլորտը, որն, ավաղ, դեռ պահպանվում է մեզ մոտ, մի ներմուծեք Արցախ:
Մի բուռ ժողովորդ եք, բզիկ-բզիկ լինելու իրավունք չունեք, իրար ուտելու իրավունք չունեք: Ձեզ թուրքը բաժանել չի կարողացել, Երևանում այսօր գահակալածներն ո՞վ են, որ դա կարողանան անել: Ղարաբաղցիները միշտ են “սպայկա” եղել, ամենուրեք միասին են դիմակայել դժվարություններն, իրար քյոմագ արել ու հաղթահարել պատնեշները:
Դուք պարսկական շահեր, կարա- և ակ կոյունլու, ադրբեջանական պարտկոմներ եք տեսել: Մի թողեք ձեզ թշնամացնեն, մի թշնամացրեք մարդկանց իրար նկատմամբ: Մի խաղացեք այն կեղտոտ խաղը, որ ձեզ թելադրվում է: Մի այրեք Արցախը որպես հայկական հպարտության և միասնակության ունիկալ ֆենոմեն կամրջող կապերը, նախևառաջ՝ իրար հետ:
Ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն, որ մի լծակ չի արդարացնելու այն փլատակները, որոնք անխուսափելիորեն կառաջանան, եթե նախընտրական արշավը վերածվի բարոյականությունը, սրբությունները ու ընկերությունն ավիրող թայֆունի:
Երդվում եմ ձեզ հետ կիսած հացով. Արցախի ընտրություններն ինձ շատ ավելի են մտահոգում, քան իմ քաղաքական կարիերան, Սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը և ՀՔԾ-ԱԱԾ հերթական անգամ հրավիրվելը միասին վերցրած:
Ընտրությունների հաջորդ օրն Արցախը պետք է էլ ավելի ամուր և ուժեղ արթնանա: Սա է ձեր ու մեր, բոլորիս իրական մարտահրավերը»: