Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Պաշտպանը պահանջում էր ամբողջությամբ բեկանել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատավոր Յուրի Բաղդասարյանի վճիռը, որով մերժվել էր Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ` պաշտպանի ներկայացրած բողոքը, և պարտադրել վարույթն իրականացնող մարմնին` չեղյալ համարել Պետրոսյանի ձերբակալման որոշումը:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանում ձերբակալման որոշման գործով նիստերն անցկացվում էին հիմնականում դռնփակ դատական կարգով, իսկ վերաքննիչում նիստը բաց էր: Այսօրվա դատական նիստում փաստաբանը միջնորդեց դատարանին` քրեական գործի նյութերը ներկայացնել ամբողջությամբ: Ըստ նրա` նախաքննության ընթացքում մի շարք ապացույցներ են ձեռք բերվել, որոնք հիմնավորում են, որ վարույթն իրականացնող մարմինը գիտեր Վարդան Պետրոսյանի գտնվելու վայրը, և նրան ձերբակալելու այն պատճառաբանությունը, թե Վարդանի գտնվելու վայրն անհայտ էր, և նա հնարավոր է փախուստի դիմեր, անհիմն են:
«Նրանք դեպքից 4 օր անց գրություն էին ուղարկել ՀՀ ոստիկանապետին, որպեսզի փակեն բոլոր ճանապարհները, որպեսզի Վարդան Պետրոսյանը թե’ ՀՀ անձնագրով, թե’ ֆրանսիական չկարողանար մեկնել Հայաստանից: Նրանք այդ բոլոր ապացույցներն ունեցել են, սակայն թաքցրել են»,- ասաց փաստաբանը և միջնորդեց 4 կարևոր ապացույցները կցել քրեական գործին: Մասնավորապես ` Նաիրիի քննչականի պետի գրությունը` ուղղված ոստիկանապետին, ոստիկանապետի գրությունն այն մասին, որ արգելք կա, և Վարդան Պետրոսյանը չի կարող հեռանալ Հայաստանից, Վարդանի ցուցմունքն այն մասին, թե որտեղ է ինքը վերջին 10 տարում բնակվում, և նրա քրոջ` Աշխենի` Վարդանի բնակության վայրի վերաբերյալ ցուցմունքը:
Դատավոր Արղամանյանը, սակայն, մերժեց պաշտպանի միջնորդությունը` նշելով, որ քրեական գործում առկա նյութերը բավական են` որոշումը քննելու համար: Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը բոլոր հիմքերն ունի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու, սակայն դա չի անի, քանի որ վստահ է, որ այն կմերժվի, փոխարենը նշեց, որ այդ հանգամանքը նա նկատի կունենա իր վճռաբեկ բողոքում:
Պաշտպանի բողոքի հետ կապված` գործով դատախազ Վահե Սարգսյանն էլ ասաց. «Կոտայքի մարզի առաջին ատյանի որոշումը պատճառաբանված է և օրինական, հետևաբար` պաշտպանի բողոքը ենթակա է մերժման»:
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու, և, 10 րոպե անց վերադառնալով, հայտարարեց բողոքը մերժելու մասին:
Նիստի ավարտից հետո Ն. Բաղդասարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վճիռը կբողոքարկեն ՀՀ Վճռաբեկ դատարանում և մի քանի որոշում ստանալուց հետո կդիմեն Եվրադատարան որպեսզի հաստատեն, որ իրականում նախաքննական մարմնի գործողություններն օրինաչափ չեն եղել, այսինքն` Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը եղել է անօրինական:
Մանրամանսերը` yerkir.am-ի տեսանյութում: