կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-23 18:46
Քաղաքական

Թե ինչպես են լրագրողները պատրաստվել բողոքի ակցիային

Թե ինչպես են լրագրողները պատրաստվել բողոքի ակցիային

Լրագրողները հանպատրաստից, պահի տակ որոշել են ԱԺ-ում «գազային» համաձայնագրի դեմ բողոքի ակցիա անցկացնել ու անցել են գործի. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց անկախ լրագրող Մարիամ Մուղդուսյանը` խոսելով այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության ժամանակ մի քանի լրագրողների կազմակերպած բողոքի ակցիայի մասին:

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «գազային» համաձայնագրի քվեարկության ժամանակ լրագրողական օթյակում գտնվող մի քանի լրագրողներ հարվածել էին օթյակի ապակիներին` իրենց ձեռքերում պահելով «Մի քվեարկեք ռուսական գազի համար» գրությունը:

 

Մարիամ Մուղդուսյանը նշեց, որ այնքան հապշտապ են կազմակերպել ակցիան, որ անգամ չեն հասցրել ձեռք բերել բողոքի արտահայտման ատրիբուտները: Որոշվել է ձեռքի պայուսակի քուղն ու կապիչներն օգտագործել որպես բերանը փակելու ատրիբուտ, որպես խոսքի իրավունքի ոտնահարման բողոքի մի ձև: Նրանք ունեցել են միայն պաստառներ: Մարիամը նշում է, որ պաստառը ծալել ու դրել էր իր վերարկուի տակ` կրծքավանդակի մասում. այդպես են ցուցապաստառներն անցկացրել Ազգային ժողովի շենք: Տղաներից մեկն էլ նույն ձևով բաճկոնի տակ թաքցրած է ներս անցկացրել պաստառներից մեկը:

 

«Միայն ցուցապաստառ ունեինք: Սկսեցինք խփել ապակիներին, որպեսզի ուշադրություն գրավենք: Բայց հայտնվեցին անվտանգության աշխատակիցները ու խլեցին ցուցապաստառը»,- ասաց Մարիամ Մուղդուսյանը: Նրա խոսքով` անվտանգության աշխատակիցները չպահանջեցին լրագրողներից դադարեցնել ապակիներին հարվածելը ու ոչ էլ փորձեցին դա կասեցնել: Նրանք ընդամենը խլեցին պաստառը: «Փաստորեն, խլում են ամենաչնչին ու նվազագույն բանը` թուղթը, որը կարող է դեմ լինել ռեժիմի մտածելակերպին: Մարկերներն էլ Ազգային ժողովից էինք գտել, որոնցով էլ գրել էինք գրությունները պաստառների վրա: Մենք լրագրողներով հումոր էինք անում, որ` ձեր դեմ գրել ենք ձեր նյութերով»,- ասաց Մարիամ Մուղդուսյանը:

 

Նա նաև նկատել էր, որ իրենց բողոքի արտահայտմանը միացել էին օթյակում ներկա գրեթե բոլոր լրագրողները` որպես անհատ, քաղաքացի, այլ ոչ որպես տվյալ լրատվամիջոցի ներկայացուցիչ: Մարիամ Մուղդուսյանի կարծիքով` իրենց մոտ նստած էին շատ իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք կարող էին կաշկանդված լինել, բայց ազատ էին` որպես քաղաքացի, ու մասնակցեցին բողոքի արտահայտմանը: «ՀՀԿ-ն չի իջնում դուրս` բողոքող ժողովրդի մոտ, ահա` ինչու ստիպված մենք ենք ներս մտնում Ազգային ժողով ու արտահայտում մեր բողոքը»,- ասաց լրագրողը: