Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միգրանտների հաշվառում, որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունի, եւ ոչ ոք չգիտի, թե Հայաստանից մեկնածներից քանի հոգի է մեկնել` որպես միգրանտ, կամ քանիսն են վերադարձել. լրագրողներին այսօր ասաց «Մարդը կարիքի մեջ» ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տաթեւիկ Բեժանյանը:
«Մենք այդ տվյալները ստանում ենք անուղղակի ճանապարհներով. Դրանք կա'մ հետազոտությունների արդյունքներ են լինում, կա'մ ռեսուրս կենտրոններ ներկայանալու արդյունք եւ այլն»,- ասաց բանախոսը:
Նա ներկայացրեց 2013 թվականի առաջին 3 եռամսյակների միգրացիոն վիճակագրությունը' հունվարից սեպտեմբեր ամիսներին Հայաստանից միայն տրանսպորտային միջոցներով մեկնած ու վերադարձած քաղաքացիների տվյալները, ըստ որոնց` նշված ժամանակահատվածում մեկնողների թիվն ավելին է եղել, քան վերադարձածների թիվը, եւ բացասական սալդոն կազմում է 108 հազար մարդ, այսինքն' մեկնածներից այդքան մարդ չի վերադարձել Հայաստան: Բայց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները, նշեց բանախոսը, այն ամիսներն են, որ մեր աշխատանքային միգրանտները վերադառնում են սեզոնային աշխատանքից, այս դեպքում բացասական սալդոն փոքրանում է:
Հիմնական նպատակակետ երկրների շարքում, ուր մեկնում են հայ միգրանտները, առաջինը Ռուսաստանի Դաշնությունն է. 73,1 տոկոսը մեկնում է Ռուսաստան: Նրանցից մոտ 80 տոկոսից ավելին կազմում են բուն աշխատանքային միգրանտները: Իսկ ընդհանուր աշխատանքային միգրանտների 90 տոկոսից ավելին մեկնում են հենց Ռուսաստան:
Ըստ բանախոսի` հայ միգրանտները նախընտրում են Ռուսաստանը, որովհետեւ վիզային ռեժիմ չկա, հեշտ է հաղորդակցվել, ծանոթ-բարեկամներ կան եւ աշխատանք գտնելու հնարավորությունը շատ ավելի մեծ է: Եվրոպա քիչ են մեկնում, տեղեկացրեց Տաթեւիկ Բեժանյանը, որովհետեւ վիզայի խնդիր կա, աշխատանքային պայմանագրի անհրաժեշտություն կա,:
Բեժանյանը չի կարող ասել, թե Հայաստանից մեկնած միգրանտներից քանիսն են որոշել չվերադառնալ, որովհետեւ մարդիկ չեն հայտնում' չվերադառնալո՞ւ նպատակ ունեն, թե՞ այլ... Անգամ միգրացիոն ծառայկությունը չունի տեղեկատվություն, թե միգրանտի կարգավիճակով որքան մարդ է մեկնել Հայաստանի եւ որքանը վերադարձել:
Բավականին երկար տարիներ չի փոփոխվում նաեւ մեր միգրանտների սեռային բաշխվածքը` երեք քառորդը տղամարդիկ են, այսինքն' մեկնողների 77 տոկոսը տղամարդիկ են:
Տարիքային բաշխվածքով' հիմնական մեկնողները 26-55 տարեկան են, եւ միգրանտների շրջանում նրանք 80 տոկոսից ավելին են կազմում, 26-35 տարեկանները 30 տոկոսի շրջանակում են, 36-45-ը' 25 տոկոսի եւ քիչ ավելի տոկոս էլ 46-50 տարեկաններն են:
Կրթական առումով' հիմնականում միջնակարգ կրթությամբ մարդիկ են մեկնում արտագնա աշխատանքի, ովքեր կազմում են մեր աշխատանքային միգրանտների 43,3 տոկոսը: Միջին մասնագիտական կրթությամբ միգրանտները կազմում են 33 տոկոսը եւ բարձրագույն կրթությամբ`' մոտ 20 տոկոսը:
«Ցավոք, այս 20 տոկոսի մեջ ոչ բոլորն են, ովքեր իրենց մասնագիտությամբ կամ բարձրագույն կիրթությամբ մասնագետին համապատասխան աշխատանքի են մեկնում: Նրանց մի ստվար հատվածը մեկնում է շինարարությունում աշխատելու, որպես վարորդ աշխատելու եւ այլն»,- ներկայացրեց բանախոսը:
Միգրանտների ուղարկած գումարները, միայն բանկային համակարգով, կազմում են մեր ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսը: Բայց բազմաթիվ մարդիկ ոչ թե բանկային ճանապարհով են դրամ ուղարկում, այլ իրենք են բերում կամ ծանոթ-բարեկամի միջոցով են ուղարկում: Տաթեւիկ Բեժանյանը նշեց, որ տնային տնտեսությունների 80 տոկոսն իրենց ստացած գումարների 90 տոկոսը ծախսում է սպառման ապրանքների վրա', երեխաների կրթության եւ այլն, եւ, որպես կանոն, խուսափում են խնայողություններ ու ներդրումներ անելուց: