կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-06 13:00
Տնտեսական

Վերջին 3 տարվա մեջ գազի գինը 5 անգամ թանկացել է

Վերջին 3 տարվա մեջ գազի գինը 5 անգամ թանկացել է

ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ իրականությունն այն է, որ վերջին երեք տարվա մեջ հինգ անգամ գազը թանկացել է, բայց քաղաքացիները միայն մեկ անգամ են տեղեկացված եղել, որ պետք է թանկանա:

 

«Դա եղել է մաքուր քաղաքական խաղ, որը կապված է եղել վերջին երեք ընտրությունների հետ` խորհրդարանական, նախագահական և քաղաքապետի, և ամբողջ գործընթացը գաղտնի է պահվել թե' Ազգային ժողովից, թե' քաղաքացիներից, թե' անգամ` Հանրապետական կուսակցությունից: Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնապես բացառում էին, որ կա գազի թանկացում: Այնինչ այդ երեք տարիների ընթացքում հայկական կողմի խնդրանքով և ռուսական կողմի համաձայնությամբ պարտք է կուտակվել: Հայկական կողմը խնդրել է ռուսական կողմին պարտքի դիմաց գազը չկտրել, որպեսզի սոցիալական բունտ չբարձրանա ընտրությունների ընթացքում: Ինչպես են մուծելու այս տարվա 150 մլն պարտքը, ոչ ոք չգիտի: «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոսի արժեքը 250 մլն դոլար էր, բայց տվել են ռուսներին 150 մլն պարտքի դիմաց: Հասկանո՞ւմ եք` ինչպես ղումար խաղալու ժամանակ, երբ ժամացույց ունեց, որ թանկ արժե, բայց պետք է հանձնես, որովհետև անգամ կես գնով պարտք ես կուտակել ղումարի ժամանակ: Նույն բանն է տեղի ունեցել»,-ասաց Արամ Մանուկյանը:

 

Պատգամավորի մյուս բացահայտումն այն է, որն այս երեք տարիների ընթացքում քաղաքացին ոչ թե վճարել է հազար խորանարդ մետրի դիմաց 189 դոլար, այլ շատ ավելի թանկ, քան մեզ վաճառել է Ռուսաստանը: «Այն, որ կառավարությունը քաղաքացիների համար էժան գին է սահմանել, բլեֆ է, որովհետև քաղաքացիները վճարել են ավելի շատ, քան վաճառել է Ռուսաստանը: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը ների այս տարվա պարտքը: Դեռ սեղանի տակ բանակցությունները շարունակվում են, Հայաստանի իշխանությունները կարող են Ռուսաստանին տալ «Նաիրիտը», Որոտանը, կարող են տալ ամեն ինչ, միայն թե պահպանեն իշխանությունը»,- հայտարարեց պատգամավորը: