կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-12-06 11:30
Առանց Կատեգորիա

Սիմվոլի հարգը

Սիմվոլի հարգը

Երբ քաղաքական քննադատությունն անցնում է սահմանները, երբ հրապարակախոսի ու լրագրողի գրիչը դառնում է երբեմն անհանդուրժող ու գռեհկաբան, և թիրախը լինում է երկրի նախագահը, հաճախ, հատկապես իշխանական օթյակներից, զգաստության, խոհեմության կոչեր են հնչում՝ մի՛ վիրավորեք, մի՛ այպանեք նախագահին, նա պետության սիմվոլն է: Հետո խոհեմության կոչող նույն ձայնը մեկնաբանում է՝ աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում է այդպես: Ապա, գիտունի տեսքով, հիշում ու անպայման հիշեցնում է Անգլիան ու Անգլիայի թագուհուն:

 

Բայց արդյո՞ք սիմվոլներ են մեր նախագահները: Եթե նրանք սիմվոլներ են իսկապես, ապա, նախ և առաջ, զերծ պիտի լինեին սովորական մահկանացուին հատուկ այնպիսի նվաստացուցիչ զգացումներից, ինչպիսիք են քենը, նախանձը, չարությունն ու ատելությունը (միմյանց ու, պատահում է, նաև սեփական ժողովրդի հանդեպ), հետևաբար հարկ էր, որ իրար հանդեպ լցված լինեին սիմվոլին հատուկ հանդուրժողականությամբ, լայնախոհությամբ ու իմաստնությամբ: Մինչդեռ մեր երկրի պարագայում նախկին ու ներկա «սիմվոլներին» այդ հատկությունները, կարծես, այնքան էլ բնորոշ չեն, և եթե կա մի բան, որ նրանց կապում է, ապա դա լուռ անհանդուրժողականությունն է, քինախնդրությունն ու անմեկնելի քամահրանքը միմյանց հանդեպ: Մի՞թե այդպես չէ:

 

Այս խոհերի առիթը լրատվամիջոցներով տարածված՝ Ուկրաինայի նախկին երեք նախագահների հայտարարությունն է երկրում տիրող պայթունալի իրավիճակի կապակցությամբ: Միայն հիանալ կարելի է այն իրողությամբ, թե ինչպես են միմյանցից բոլորովին տարբեր այդ մարդկանց միավորել երկրի հանդեպ անհանգստությունն ու մտահոգությունը, տագնապն ու ցավը: Առավել ևս` հիանալ, որ նրանք միակարծիք ու միահամուռ են իրենց երկրի զարգացման ուղու ընտրության առումով, երբ եվրաինտեգրումը Ուկրաինայի համար միանշանակ համարում են «այլընտրանք չունեցող»: Ահավասիկ երեք սիմվոլ, որ եթե ինչ-որ ժամանակ խորհրդանշել են հայրենիք ու պետություն, ապա այսօր շարունակում են սիմվոլի իրենց հարգը պահել՝ այս անգամ էլ խորհրդանշելով հայրենապաշտություն ու պետականասիրություն:

 

Իսկ արդյո՞ք մեր սիմվոլները երբևէ չեն կանգնել միանալու և միասնաբար հանդես գալու անհրաժեշտության առջեւ: Արդյո՞ք մեր երկրի պատմությունը դրա առիթը կամ առիթները երբեք չի տվել: Տվել է: Այն էլ՝ քանի՛ցս: Սակայն նորանկախ մեր երկրի ճակատագրական ընտրության ոչ մի պահի մեր սիմվոլները երբեք չեն փորձել միասնաբար հանդես գալ ու ճանապարհ մատնանշել: Օրհասական պահին նրանք նույնիսկ կարողացել են ազգի մեկ այլ սիմվոլի՝ կաթողիկոսի առջեւ դուռը փակ պահել: Նախանձելի չէ վիճակը հայոց «նախագահական» սիմվոլիկայում:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ