կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-07 18:50
Քաղաքական

Նախագահը ճիշտ ընտրություն է կատարել. ՕԵԿ պատգամավոր

Նախագահը ճիշտ ընտրություն է կատարել. ՕԵԿ պատգամավոր

Այս տարիների ընթացքում Իշխան Զաքարյանի աշխատանքի արդյունքները նկատի ունենալով` նախագահը ճիշտ ընտրություն է կատարել` առաջադրելով նրա թեկնածությունը: ՕԵԿ-ը կողմ է նրա թեկնածությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը` խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության առաջադրման մասին:

 

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ինչո՞վ էր պայմանավորված Իշխան Զաքարյանի թեկնածության առաջադրումը, եթե այդ պաշտոնում նա ՀՀ նախագահի կողմից արժանացել է սուր քննադատության, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Ես գնահատում եմ, որ երկրի նախագահը անկեղծ հնչեցնում է իր դիտողությունները, խորհուրդները, բայց ես չեմ կարծում, որ նա դժգոհ էր Իշխան Զաքարյանի աշխատանքից»:

 

Հովհաննես Մարգարյանը համաձայն չէ նաև այն դիտարկմանը, որ ՎՊ հաշվետվությունները մնում են թղթի վրա: Նրա համոզմամբ` ՎՊ-ն չունի պատասխանատվության ենթարկելու գործառույթ, և երբ ՎՊ-ն նյութերը ներկայացնում է ԱԺ-ին, դրանից հետո այդ նյութերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: «Բա որտեղի՞ց հայտնվեցին այն թվերը, որ վերականգնվել է այսքան գումար: Ես գիտեմ, որ պատասխանատվության ենթարկված անձինք էլ են եղել, ուղղակի էս պահին ձեռքիս տակ չեն այդ փաստերը, որ ձեզ ասեմ»,- ասաց ՕԵԿ պատգամավորը:

 

Ինչ վերաբերում է ՕԵԿ խմբակցության հետ Իշխան Զաքարյանի անցկացրած աշխատանքային քննարկմանը, Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՕԵԿ-ը ներկայացրել է առաջարկություններ, որպեսզի այսուհետ ՎՊ հաշվետվությունները ավելի հասցեական լինեն, օրինակ` ոչ թե ընդհանրացված գնահատականներ տրվեն գնումների ոլորտին, այլ հնչեցվեն այն կազմակերպությունների անունները, որոնք խախտումներ են իրականացրել: