կարևոր
3094 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-07 20:28
Աշխարհ

Ակնկալում ենք՝ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ընտրություն կկատարի․ Զախարովա

Ակնկալում ենք՝ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ընտրություն կկատարի․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ընտրություն կկատարի հայ ժողովրդի համար: Այս մասին նա հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ՌԴ-ն այլևս չի կարող առանցքային գործընկեր լինել անվտանգության ոլորտում։

«Մեր երկրները մնում են դաշնակիցներ, հայ ժողովրդի շահերը չեն տարանջատվում Ռուսաստանի հետ բարիդրացիական կապերից։ Ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը դա հաշվի կառնի և ներկայիս աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին ճիշտ ընտրություն կկատարի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն հուսալի երկկողմ իրավապայմանագրային բազա։ Սա վերաբերում է նաև ռազմատեխնիկական համագործակցությանը: Երկու կողմերն էլ ունեն պարտավորություններ միմյանց նկատմամբ՝ ներառյալ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգության պաշտպանությունը: Նա ընդգծել է, որ Երևանը նաև հավաքական երաշխիքների ներքո է ՀԱՊԿ շրջանակներում, այդ թվում՝ հնարավոր ագրեսիայի դեպքում: Նա հիշեցրել է նաև, որ երկրները 2016 թվականին համաձայնագիր են ստորագրել զորքերի միացյալ խմբավորման մասին:

«ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ փոխգործակցությանը վերադառնալը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի շահերից։ Երևանի տրամադրության տակ է կազմակերպության հնարավորությունների լայն շրջանակ, նրա ներուժը՝ հիմնված բազմամյա փորձի վրա»,- հավելել է Զախարովան։

Նա համոզված է, որ ի տարբերություն ԵՄ առաքելության դիտորդների, որոնք զբաղվում են այն հարցերով, որոնք հեռու են հայտարարված նպատակներից, ՀԱՊԿ-ը կարող է կայունացնող դեր կատարել Հարավային Կովկասում: