Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը դեռ չի հասցրել «գույքագրել» 2015 թվականի իր ձեռքբերումները, սակայն, ակնհայտ է` անցնող տարին ուղենշվել է տարբեր ձեռքբերումներով: «Խորհրդարանական տարեգրության մեջ բուռն է եղել տարին: Ձեռքբերումներից խոսելուց հետո չպետք է մոռանանք ամանատհաճ և անցանկալի իրողությունները, որոնք կապված են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ, որոնք, ցավոք, նաև մարդկային զոհերով են: Այս ամենն իրապես ցավալի է, բայց մենք պետք է անպայման լավատեսությամբ զինվենք և հավատանք, որ ապագան մերն է լինելու»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վարդապետյանը:
Նա, ներկայացրեց 2016 թվականից իր սպասելիքները, նշեց, որ իր համար կապիկն ավելի նախընտրելի է, քան կապիկությունը: «Կապիկն ինչ-որ տեղ ուրախություն, զվարճություն, բարձր տրամադրություն է ներշնչում, իսկ կապիկությունը միշտ պարսավելի է, համենայն դեպս, իմ ենթագիտակցության մեջ այդպես է նստած: Որոշ դեպքերում չեմ կարող կապիկության հստակ ձևակերպումը տալ, ասել կապիկության սահմանումը, բայց կապիկության հետ միշտ վատ բաներ են ասոցացվում: Մեկ-մեկ մարդկանց մեջ լինում են այնպիսի արհեստավարժ «կապիկներ», որ իրենց կապիկություններով կարող են նույնիսկ կապիկների համար դառնալ դասատու»,- ասաց Վարդապետյանը` հավելելով, որ չի ցանկանա մեր քաղաքական դաշտում տեսնել կապիկություն անողների. «Մեր քաղաքական դաշտում կապիկություն անելու երևույթը գուցե կա, բայց գոնե կապիկի տարում այդ կապիկությունները թող չլինեն»:
Ըստ պատգամավորի` Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը տարվա ամենամեծ կապիկությունն է: «Եթե կապիկն ունի անկեղծություն, թող մարդը կապիկից հենց այդ անկեղծությունը սովորի»,- ասաց նա: Վարդապետյանը հիշեց նաև Գյումրիում Ավետիսյանների հետ տեղի ունեցած ողբերգական դեպքը` այն անվանելով սև էջ մեր պատմության մեջ: «Ես ուզում եմ կարևորել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Ապրիլքսանչորսյան ցրտին որքան երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` աշխարհի գերտերություններից, ժամանեցին Հայաստան և 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցեցին: Այդքան միասնական մեր ժողովրդին չէի տեսել: Հիշենք նաև Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: Դա արարողակարգ էր, որն ամբողջ հայությանը միավորեց»,- ասաց նա: Վարդապետյանը նշեց նաև, որ չի ցանկանա, որ ճոխ սեղաններ գցելու մենթալիտետը մեր ժողովրդի միջից վերանա, սակայն այդ ճոխության ապահովումը, ըստ պատգամավորի, չպետք է դառնա ուժերի գերլարման առիթ: «Աշխարհի շատ երկրներ հիացել են մեր հյուրասիրությամբ, ճոխ սեղաններով, դրա համար ես չեմ ուզում, որ վերջին պլան մղվեն մեր ճոխ սեղանները: Մենք ունենք ավանդական ուտեստներ, որոնք մեծ ծախսերի հետ կապված չեն: Մեր սեղանի մասին էլ եմ ուզում խոսել: Ես մշտապես հիշում եմ մայրիկիս թխած գաթան: Պասուց տոլման է նաև մեր ավանդական ուտեստը: Նաև հիշում եմ, որ մենք ունենում էինք կով, հորթ և Ամանորին ընդառաջ մորթում էինք: Դա յուրահատուկ ծիսակարգ էր»,- նշեց Վարդապետյանը:
ՀՀԿ-ականը խոսեց նաև իր` նվերներ տալու սովորույթի մասին: «Ես անպայման նվերներ անում եմ: Արժեքների հետևից չեմ ընկնում: Իմ երեխաները բոլոր տարիքում էլ մնում են երեխա ինձ համար: Հիմա տղաս քսան տարեկան է, աղջիկս` տասնյոթ, բայց էլի նրանց համար ես ու կինս պատրաստում ենք նվերներ, պարզապես այդ նվերներն արդեն բարձի տակ չենք դնում»,- ասաց պատգամավորը` հավելելով. «Ընտանիքով զարդարում ենք տոնածառը: Ես այդտեղ իմ անմիջական մասնակցությունն եմ ունենում: Մանկությունից ինձ համար ամենասիրելի խաղալիքները տոնածառի խաղալիքներն են: Երբ ես փոքր էի, տոնածառի խաղալիքներն ապակյա էին, և ամեն մի խաղալիքի կոտրվելուց հետո սիրտս փշուր-փշուր էր լինում, շատ ծանր էի տանում խաղալիքների կորուստը»: Վարդապետյանը մեր զրույցի վերջում նաև կատակով տեղեկացրեց. «Որպես հյուրի անձնագիր` իմ օղին եմ վերցնում հետս»: