կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 12:36
Առանց Կատեգորիա

Ձեր զենքը դատարկ խոսքերն են

Ձեր զենքը դատարկ խոսքերն են

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ Հ1-ի եթերում այնպես գովերգեց մեր իշխանությանն ու հատկապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀԿ արտահերթ համագումարում վերջին ելույթի կապակցությամբ, որ եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օը, ես բոլոր բարեկամներիս կխնդրեի քվեարկել հենց նրա օգտին: Բայց, բարեբախտաբար, ընտրությունները կայանալու են երկու ամիս անց, իսկ մինչ այդ նախագահի ելույթի տպավորությունն իսպառ վերացած կլինի, ինչպես որ անհետեւանք է մնում զուտ օդի մեջ ասված ցանկացած խոսք:

 

Շարմազանովը եթերում մի շարք ուշագրավ հայտարարություններ իրեն թույլ տվեց, մասնավորապես` ԱԺ էթիկայի հանձնաժողովին անդրադառնալով՝ նշեց, որ թե' ընդդիիմությունը, թե' իշխանությունն ու այլընտրանքը պետք է ունենան իրավունքներ, սակայն չի կարող ընդդիմությունն իշխանությունից ավելի ձայն ունենալ: Բնականաբար, իշխանությանը հեչ ձեռնտու չէ, որ ընդդիմությունն ունենա հավասար ձայն. նրանք ամեն ինչ արեցին, որ ձայն չունենա ընդհանրապես, սակայն, հակառակ ամեն ինչին, ունի այդ ձայնը, որն ԱԺ-ում են փորձում լռեցնել: Փողոցից բացի, միակ տեղը, որտեղ ընդդիմությունը մեծամասնություն է, հենց էթիկայի հանձնաժողովն է, եւ դա արդեն ջղաձգումների մեջ է գցում խորհրդարանական մեծամասնությանը, եւ այստեղ էլ պետք է կոճակ սեղմողների քանակ ապահովել՝ ընդդիմության ձայնը վերստին լռեցնելու համար:

 

«Մենք պետք է «Դուք»-ով խոսենք հասարակության հետ, որովհետեւ քաղաքացին այլեւս բարձրագույն արժեք է, մենք նրա ծառան ենք: Սա նշանակում է, որ իշխանությունը դեմքով շրջվել է դեպի հասարակությունը»,- ասաց Շարմազանովն ու անցավ առաջ: Իսկ ի՞նչ է նշանակում «իշխանությունը դեմքով շրջվել է դեպի հասարակությունը», բա մինչեւ հիմա ինչո՞վ էիք շրջված:  Կամ` ի՞նչ է նշանակում «քաղաքացին այլեւս բարձրագույն արժեք է», բա ո՞վ էր քաղաքացին մինչ այս, եւ ինչու միայն հիմա որոշեցիք Դուք-ով խոսել: 

 

Եղբա'յր, թախանձագին խնդրում եմ, ինձ հետ խոսիր դու-ով, բայց մի' թալանիր, մի' խեղճացրու, մի' բռնաբարիր իմ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Մարդկանց հասցնում եք արտագաղթի մակարդակին, այն աստիճանի, որ մասնագետները լքում են երկիրը, մտավորական, աշխատունակ ու գործարար շերտը գնում է անվերադարձ: Շատ շուտով կմնաք միայն դուք, դուք էլ իրար հետ կարող եք հեշտությամբ խոսել նաեւ դու-ով:

 

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ ՀՀԿ արտահերթ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին` ասելով, թե դա պետության մասին մտածող, հասարակության կողքը կանգնած լայնախոհ եւ օբյեկտիվ գործչի խոսք էր, իշխանությունը վերադարձրել է խոսքի ազատությունը ժողովրդին, բազմակարծությունը, խոսքի ազատությունն այլեւս անշրջելի իրողություն են, Հայաստանի նախագահի հեղինակությունը բարձր է թե' ներսում, թե' դրսում եւ այլն, եւ այլն: Եվ վերջում. «ՍՐԱՆՔ ՈՉ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԿ ԽՈՍՔԵՐ ԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՍԵԼ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ»: Գուցե իսկապես սա վրիպակ էր, սակայն ճշմարտանման վրիպակ: Ես իմ երկրում մի բան եմ տեսնում, նախագահիս ելույթն այլ է, որովհետեւ նրա ելույթը մինչեւ հանդիսության ժամանակ արտասանելը, հավանաբար չեն տալիս, որ «վրիպակները» շտկի: Հավանաբար, նախագահն էլ ընթերցելու ընթացքում է իր համար նոր Հայաստան բացահայտում:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ