Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես գիտեմ, թե ինչու են իշխանական թիմի ներկայացուցիչները սկսել մարդկանց վրա հարձակվել։ Դա նրանց վերջին փաստարկն է։ Խոսքերն այլևս չեն բավականացնում։ Միտքը վաղուց է սպառվել։ Մեր մեջ ասած՝ չի էլ եղել։ Մնում է ձեռքի ուժը, և հետևաբար առաջիկայում, կարծում եմ, նորից նման բաների ականատես կլինենք։ Վարժվեք։ Սա է մեր երկրի «քաղաքականությունը», որը, ի դեպ, շատ կարևոր նրբություններ է կոծկում հանրության աչքից։ Օրինակ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս հեղինակություն չէ անգամ իր թիմակիցների համար։
Տեսեք, ամեն ինչ պարզ է։ Մի քանի օր առաջ կայքերից մեկում կարդացի, որ կառավարական ամառանոցում վարչապետի ներկայությամբ ծեծկռտուք է եղել։ Իշխանությունները դա հերքեցին, բայց, ճիշտն ասած, ոչ այդքան վստահ։ Ամեն դեպքում, կասկածի տեղ թողեցին։ Իսկ այսօր մենք արդեն բոլորս տեսանք, թե ինչ վարքագիծ են դրսևորում իմքայլականները վարչապետի ներկայությամբ։ Սա արդեն հերքել չի ստացվի։
Անկեղծ ասած՝ կասկած ունեմ, որ Փաշինյանն ինքը չի հասկանում, թե ինչ է նշանակում այս ամենը։ Էլ չեմ խոսում իր թիմակիցների մասին։ Բայց այդուհանդերձ հարց է առաջանում՝ եթե անգամ իշխող թիմի պատգամավորներն ու պաշտոնյաները չեն զգաստանում վարչապետի ներկայությունից, էլ ի՞նչ սպասես, նրանց հեղինակությունն այսպես թե այնպես չընդունող քաղաքական ընդդիմությունից։ Ի դեպ, ի պատիվ Մարուքյանի, պետք է ասեմ, որ անգամ կռվից հետո նա մնաց քաղաքական գործչի բարձրության վրա՝ ասելով, որ նման մշակույթ ԱԺ դահլիճում չի լինելու։ Ինչևէ, խոսքս այլ բանի մասին է։
Քիչ առաջ տեղեկացա, որ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայրը զանգել է Analitik.am-ի խմբագրություն և սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել լրագրողների հասցեին։ Գիտե՞ք ինչ է սա նշանակում։ Ասեմ։ Նշանակում է, որ Նիկոլի օրինակը վարակիչ է դառնում ոչ միայն իր անմիջական շրջապատի, այլև հանրության ավելի լայն զանգվածների համար։ Այլ կերպ ասած՝ անարխիա։ Եվ սա արդեն լուրջ է։ Շատ լուրջ»։