կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 16:41
Իրավական

Դատախազությանը կաթսայատուն պետք չէ

Դատախազությանը կաթսայատուն պետք չէ

Երեկ, կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է գլխավոր դատախազության աշխատակազմին ամրացված, Հայաստանի սեփականությունը հանդիսացող` Երևանի Հանրապետության փողոցի թիվ 85 հասցեում գտնվող 104.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով (կաթսայատուն' 47.0 քառ. մետր և ենթակայան' 57.4 քառ. մետր) անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքը, ինչպես նաև 71 միավոր մեքենաները և սարքավորումները վաճառքի ձևով օտարել «Բիզնես-Պլաս» ՍՊ ընկերությանը: 

 

Վաճառքի հանված գույքը կառավարությունը գնահատել է 124 236 000 դրամ, որից 123 369 900 դրամը անշարժ գույքի արժեքն է, 865 800-ը` մեքենա-սարքավորումներինը: 

 

Yerkir.am-ի լրագրողն այսօր դատախազությունից հետաքրքրվեց` արդյո՞ք կառավարությունն իրենց հետ համաձայնեցրել է այդ որոշումը, թե՞ ոչ:

 

Մեզ հետ զրույցում ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն  Տոնոյանը խորհուրդ տվեց կառավարությանն ուղղել այդ հարցը, քանի որ դա նրանց որոշումն է: Նրա խոսքով` վաճառքի հանված  կաթսայատունը  գործող չէ և որևէ բանի համար չի ծառայում:

 

«Կաթսայատունը սովետական շրջանից մնացել է: Այն ժամանակ քարածուխ կամ այլ վառելիք էին բերում, վառում և  ջեռուցում ապահովում, բայց հիմա դատախազությունում «Բաքսի» կա քաշած»,- ասաց Տոնոյանը և հավելեց, որ կաթսայատունը տեղակայված է շենքի հետնամասում, եւ եթե անգամ այնտեղ այլ շինություն կառուցվի, իրենց չի խանգարի: