կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-11 18:00
Առանց Կատեգորիա

''Ուռոդների'' ինկվիզիցիան

''Ուռոդների'' ինկվիզիցիան

Երեկ yerkir.am-ի հետ ունեցած զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար, «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանն ասել էր, թե ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին անհրաժեշտ է խարույկի վրա կենդանի վառել որպես Ռամիլ Սաֆարով: Հաջորդ օրը, սակայն, Ասրյանը հանդես է եկել հայտարարությամբ և խմբագրել նախօրեին արած իր արտահայտությունները` նշելով, թե դրանք փոխաբերական իմաստով են ասվել:

 

«Խոսքերիս չափազանցված խստությունն աննպատակ չի եղել, քանզի ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ` նրա կատարած արարքը, երևույթը»,-ասել է փոխնախարարի պաշտոնն զբաղեցնող այս երիտասարդը:  Ասրյանի  հաջորդեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արթուր Գևորգյանի անզուսպ երևանապաշտության ցուցադրությունը:

 

Տարոն Մարգարյանի մամլո խոսնակը «ուռոդ» և «չարացած տականքներ» է անվանել այն մարդկանց, ովքեր համարձակվել են քաղաքապետարանին քննադատել Երևանի օրվա տոնակատարություններին 200մլն դրամ հատկացնելու համար: Գևորգյանն, իհարկե, ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել այն մարդկանցից, ովքեր կարող էին վիրավորվել իր խոսքերից: Չինովնիկական դասի կողմից իրենց բառապաշարի հարստությունն ու էսթետիկական նուրբ ճաշակը մարդկանց ուղղված «բարեհունչ» մակդիրներով արտահայտելը, քաղաքացիների ու հայրենակիցների հանդեպ իրենց խորագույն հարգանքը նման ձևով դրսևորելն, իհարկե, նորություն չեն: Հասարակությունն արդեն իմունիտետ է ձեռք բերել դրանց նկատմամբ` գրեթե այն կնոջ սինդրոմով, որն ամուսնու կողմից իրեն վիրավորելու, նվաստացնելու, ծեծելու մեջ էլ փորձում է ռացիոնալության նշաննել տեսնել: Սակայն նախկին դեպքերում, գրեթե միշտ, այս սիրառատությունն արտահայտվել է միջինից բարձր տարիքային ցենզ և պետական կառավարման մասին սովետական պատկերացումներ ունեցողների կամ էլ պարզապես հանգամանքների բերումով այդ համակարգ ընկած անկիրթ, բռի և ցինիկ կադրերի կողմից, ովքեր պետական ծառայությունը, ստացած պաշտոնեական կարգավիճակն ու դիրքն ընկալել են որպես բացառապես իրենց համար նախատեսված առանձնաշնորհ: Եվ որքան էլ նրանց շուրթերից հնչած որակումները վիրավորական լինեին, նրանց վերաբերում էին որպես նախկին «շկոլայի» անհույս մնացուկների, որոնք վաղ թե ուշ ստիպված են լինելու իրենց տեղը զիջել նոր մտածողությամբ և իրենց առաքելության իրական նշանակությունը գիտակցող երիտասարդների:

 

Ասրյանի ու Գևորգյանի վերոնշյալ «...-պաշտական զեղումները», սակայն, կարծես հուշում են, որ ոչ նման սպասելիքներ ու ոչ էլ հույսեր, առանձնապես չպետք է ունենալ: Որ եթե նախկինները «սովետականության» մնացուկներն են, իրենք էլ`  այդ նախկինների, և որ նրանց միջև որակական ոչ մի տարբերություն գոյություն չունի: Ընդհակառակը. վերջիններս նույնիսկ շատ ավելի վտանգավոր են, որովհետև եթե նախկինները գոնե կառչում են ստացած կառավարչական մշակույթից, դաստիարակությունից`հիմնված բոլորովին այլ արժեքների վրա, ապա նորօրյա «երիտչինովնիկները» կառչելու ոչ մի բան չունեն, փաստացի վակումի կամ քաոսի ծնունդներ են` աննպատակ ու անհասկանալի ուղեծրով:

 

Արդյունքնում` մեկի համար ուղեցույցային է դառնում ֆաշիզմը, մյուսի համար ամբիցիաները, երրորդի համար սեփական որովայնը և այլն: Նոր տիպի չինովնիկի այս մարմնացումները, սակայն, ունեն մի կարևոր առանձնահատկություն: Նրանք կարողանում են չափազանց հեշտ ներողություն խնդրել, «մեղա գալ»: Ներողություն խնդրելը նույնքան դյուրին է նրանց համար, որքան, ասենք, հայհոյելը: Ու չնայած հայտնի ճշմարտություն է, որ ներողություն խնդրելը բարոյական ուժի նշան է, սակայն այս դեպքում էականը ոչ թե ինքնին ներողություն խնդրելու փաստն է, այլ այն թեթևությունը, որով դա արվում է` ըստ էության արժեզրկելով առհասարակ սխալն ընդունելու` մարդու ռաբիլիտացիայի համար չափազանց կարևոր բարոյական չափանիշը:

 

Մերօրյա չինովնիկականության մոտ դա շատ ավելի անպատասխանատվության և անհաշվենկատության, քան սխալներից դասեր քաղելու ցուցանիշ է: Իսկ այն դեպքերում, երբ մարդու մոտ ինչ-որ բանի հանդեպ պաշտամունքը վերածվում է մտասևեռման ու մոլեռանդության, նշանակում է այլևս գործ ունենք հոգեկան հիվանդության հետ, որն անհապաղ բուժում է պահանջում, բայց արդեն պետական ապարատից դուրս: Ողջ հարցն այն է, որ մի տարօրինակ հոտառությամբ հենց այսպիսիներն են գտնվում ու հենց այսպիսիների առջև են բացվում դռները պետական կառավարման համակարգում ու կարիերային առաջխաղացման ճանապարհին:

 

Գևորգ Աղաբաբյան