կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-27 23:15
Հասարակություն

Էթիկայի հանձնաժողովը մերժեց

Էթիկայի հանձնաժողովը մերժեց

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնների խախտումը բացահայտելու նպատակով վարույթ հարուցելու մասին «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը մերժվել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի կողմից այն պատճառաբանությամբ, որ դիմումում բարձրացված հարցի համակողմանի ուսումնասիրության, տվյալ դրվագի բոլոր փաստական հանգամանքները հաշվի առնելու եւ վարույթ հարուցելու համար Հանձնաժողովը պետք է ստանա նշված ակցիա անցկացնողների խմբի կամ նրանցից որեւէ մեկի դիմումը:

 

Չհամաձայնելով Հանձնաժողովի դիրքորոշմանը` ԹԻՀԿ-ն նշում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն, Հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ վարույթ կարող է հարուցել որեւէ անձի դիմումի հիման վրա, ինչը նշանակում է, որ վարույթ հարուցելու դիմում կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

 

Հիշեցնենք, որ ս.թ սեպտեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող քաղաքացիների բողոքի հերթական ակցիայի ժամանակ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն արձագանքել էր «Էշ ա, արա', ի՞նչ ես գոռում, ա'յ ոչխար»: