կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-01 15:39
Հասարակություն

Էթիկայի հանձնաժողովը որոշեց` Առաքել Մովսիսյանը ոչ վայել պահվածք է դրսևորել

Էթիկայի հանձնաժողովը որոշեց` Առաքել Մովսիսյանը ոչ վայել պահվածք է դրսևորել

ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստում այսօր որոշում կայացվեց, որ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, խախտել է էթիկայի կանոնները և պատգամավորին ոչ վայել պահվածք թույլ տվել: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորը խոստացել էր գլխատել և բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասական են արտահայտվում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ընտանիքի մասին:

Yerkir.am-ը ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանից փորձեց ճշտել`արդյո՞ք Առաքել Մովսիսյանը պատգամավորին ոչ վայել պահվածք դրսևորելու համար չի ենթարկվելու որևէ պատասխանատվության: Ավետիսյանը հայտարարեց` միայն սահմանվել է, որ Մովսիսյանը պատգամավորին ոչ վայել պահվածք է դրսևորել, խախտել է էթիկայի կանոնները, սակայն դրա համար որևէ պատասխանատվության չի ենթարկվելու:

Ուշագրավ է, որ նա վրդովված տոնայնությամբ նշեց, որ հատուկ սևեռվածություն կա պատգամավորների վրա: «Ես չեմ հասկանում` ինչո՞ւ եք դուք սևեռվել հենց պատգամավորների վրա: Դուք ինչի՞ եք տենց թիրախի տակ պահում պատգամավորներին»,- հարցրեց Ավետիսյանը:

Երբ նշեցինք, որ ցանկացած մարդ պետք է փորձի հետևել էթիկայի կանոններին, իսկ պատգամավորների դեպքում էթիկայի սահմաններում գտնվելն առավել ընդգծված պետք է լինի, նա, իր կարծիքով, հակակշիռ փաստարկ ներկայացրեց. «Էդ նույն լրագրողները, որ անցած նիստից հետո վատ խոսքեր էին ասում, բա դրա պատասխանն ո՞վ է տալու»: