կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-26 10:50
Առանց Կատեգորիա

Չեղծ աղանդոց

Չեղծ աղանդոց

Հայ եկեղեցու բազմադարյան պատմության մեջ թերևս չի եղել մեկ այլ ժամանակաշրջան, երբ այն այսքան վտանգված լինի և այն էլ` ներսից, այն էլ` յուրայիններից: Չի եղել մեկ այլ ժամանակաշրջան, երբ հայն այսպես դյուրին կերպով, այսպես թեթևամտորեն խույս տա իր հավատքից, իր հոգևոր արժեքներից և եկեղեցուց: Եվ որքան էլ հանգստացնենք ինքներս մեզ, թե տագնապի ոչ մի պատճառ ու առիթ չկա, թե այդ ամենը ժամանակավոր նահանջ է, ժամանակավոր պարտություն, միևնույն է` երկրում վխտացող այլազան աղանդներից և կրոնական շարժումներից Մայր եկեղեցին անդադար ու աներևույթ հարվածներ է ստանում, որոնցից նրա կուռ միասնականությունը, նրա երբեմնի անձեռնմխելի ամբողջականությունը չխախտվել պարզապես չի կարող: Եթե Մայր եկեղեցուց հեռանում է նրա շինական զավակը, մտավորական որդին, նրա պաշտոնյան, եթե հեռանալով հանգրվան է գտնում օտարամուտ որևէ աղանդի հովանու ներքո, ուրեմն այլևս աններելի կեցվածք է` չտեսնել հարաճուն և օրեցօր զորացող վտանգը, որ սպառնում է Մայր եկեղեցուն: Վտանգ, որն այլևս չոքել է մեր դռանը, սակայն որն ամենևին էլ անհաղթահարելի չէ, որովհետև դրա դեմ պայքարի փորձառությունը մեզ տանում է մինչև 5-րդ դար, մինչև երանելի Եզնիկ Կողբացու ժամանակները, երբ աղանդավորական շարժումները դարձյալ վտանգել էին եկեղեցու միասնությունը, և այլ հնար, քան գրով ու գրչով դրա դեմ ելնելը, չկար: Իսկ մեր մեջ գրի և գրչի ամենազորության հավատն այնքան խորն էր և անտարակուսելի, որ այն հեռավոր ժամանակներում, երբ հայը մեծ մասավ նույնիսկ գրաճանաչ չէր, էլ ուր մնաց թե` գրագետ, ժողովրդի հավաքական իմաստնությունն ավելի զորեղ ու ազդեցիկ միջոց, քան գիրը, չգտավ:

 

Եվ երբ համեմատում ենք ժամանակները, երբ աներկբա տեսնում ենք այդ երկու հեռավոր ժամանակների զարմանալի նմանությունը, նույնքան զարմանալի է դառնում, թե ինչո՞ւ մերօրյա կողբացիները չեն արարում իրենց նորօրյա «եղծ աղանդոցները», ինչո՞ւ են պատսպարվել իրենց հանգստավետ անկյուններում և ձև են անում` իբր ոչինչ չի պատահել: Ինչո՞ւ հարյուրամյակների ընդմիջումով գումարված եպիսկոպոսաց ժողովը, որի աշխատանքները Մայր Աթոռում դեռ ընթանում են, ժամանակի մարտահրավերները քննելու, հայ եկեղեցուն ներսից ու դրսից պատուհասած աղետները հստակորեն արձանագրելու և դրանց դիմակայելու դեղատոմսեր առաջարկելու փոխարեն, օրակարգ է դարձնում հարցերի մի շարք, որոնք, ըստ ամենայնի, կարող էին լուծվել նաև եկեղեցական պարզ վարչարարությամբ: Մի՞թե ակնհայտ չէր, որ մեր եկեղեցու ամենամեծ կարիքն այսօր ո'չ սրբադասման ավանդույթը վերականգնելն էր, ո'չ էլ մկրտության կարգի մեջ ինչ-ինչ փոփոխություններ կատարելը: «Եղծ աղանդոց» էր արարել պետք, որ այդպես էլ չեղավ:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ