կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-15 17:11
Աշխարհ

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու վերաբերյալ ծրագիրը: Այդ մասին սեպտեմբերի 14-ին Ժնեւում անցկացված բանակցությունների արդյունքում հայտարարել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

 

Քերիի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են մեկ շաբաթվա ընթացքում գնահատել Սիրիայի քիմիական զենքի զինանոցը, ինչպես նաեւ առավելագույն արագությամբ հասնել դրա ոչնչացմանը։ «Մենք պայմանավորվել էինք, որ միջազգային հանրությունն արագ վերահսկողություն կհաստատի Սիրիայում քիմիական զենքի նկատմամբ:  Մեկ շաբաթվա ընթացքում Սիրիան պետք է ներկայացնի քիմիական զենքի ցուցակը: Պետք է ոչնչացվի սիրիական ամբողջ քիմիական զենքը, այդ թվում նաեւ՝ Սիրիայի սահմաններից դուրս», - ասել է նա: 

 

Իր հերթին, Սերգեյ Լավրովը նշել է, որ սիրիական հարցի վերաբերյալ ստորագրված փաստաթղթերը փոխզիջումային են: Նա նաեւ նշել է, որ միջազգային անձնակազմի անվտանգության պատասխանատվությունը կրելու են ոչ միայն սիրիական իշխանությունները, այլեւ ընդդիմության ներկայացուցիչները: «Քիմիական զենք կիրառելու ցանկացած փաստ կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում, եւ ԱԽ-ն կկիրառի որոշակի, համաչափ միջոցներ»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

 

«ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն համատեղ մտադրություն են հայտնում սիրիական քիմիական զենքի ոչնչացումն ապահովող ծրագրի վերաբերյալ: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր են մոտակա մի քանի օրվա ընթացքում նախապատրաստել եւ ՔՄԱԿ  ներկայացնել համապատասխան առաջարկություն»,- ասվում է Ժնեւում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքում կազմված փաստաթղթում:

 

Փաստաթղթի համաձայն` Սիրիայում քիմիական զենք արտադրող սարքավորումները պետք է ոչնչացվեն ընթացող տարվա նոյեմբերին: 2014թ.-ի առաջին կեսին պետք է ոչնչացված լինեն բոլոր նյութերն ու սարքավորումները: