կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-06 18:30
Հասարակություն

Մայրաքաղաքի լուսավոր փողոցների ցանկը համալրվեց ևս 14-ով

Մայրաքաղաքի լուսավոր փողոցների  ցանկը համալրվեց ևս 14-ով

Մայրաքաղաքի լուսավոր փողոցների  ցանկն այս տարի Երևան քաղաքի զարգացման 2013թ.-ի ծրագրով համալրվեց ևս 14-ով: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:  Ծրագրի շրջանակում այս տարի հիմնանորոգվել ու արդիականացվել է նաև Ջրաշեն և Մուշական թաղամասերի տասնյակ տարիներ անգործության մատնված արտաքին լուսավորության համակարգը. հայտնում են քաղաքապետարանից:


Տարեկան ծրագրին զուգահեռ, ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրված արտաքին լուսավորությամբ ապահովել նաև շահագործման հանձնվող բոլոր փողոցները,  բակերը, այգիներն ու պուրակները: Լրացուցիչ ծրագրով արդեն իսկ լուսավորվել է 27 բակային տարածք: Գիշերային լուսավորությամբ են ապահովվել նաև շուրջ 6 երկրորդական փողոցներ:


Ոլորտում իրականացվող ծրագրային աշխատանքների մի մասն էլ կյանքի է կոչվել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական խոստումների շրջանակում.  ևս  450 օբյեկտ լուսավորվել  է հենց այս համատեքստում:


Արտաքին լուսավորության ցանցի ընդլայնմանը զուգահեռ, քաղաքապետի  հանձնարարությամբ, մշտական ուշադրության ներքո է նաև կենտրոնական ու երկրորդական փողոցների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում վթարների հետևանքով առաջացած թերությունների վերացումը: Վթարավերացնող մասնագիտացված խմբերը պարբերաբար շրջայցեր են կատարում մայրաքաղաքում, արտաքին լուսավորության հետ կապված վթարների մասին պատասխանատուները տեղեկանում են նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծի հեռախոսահամարներով ստացված ահազանգերի միջոցով: