|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
«Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին մասնակցելու համար օրերս մեր երկրում էր գրքի հեղինակը` ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող հրեա պատմաբան Յաիր Աուրոնը: Նրա հետ էր նաև Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը: Հայաստանում մեր բարեկամներին ընդունել են ըստ արժանվույն, նույնիսկ պետության առաջին դեմքի մակարդակով. բացի Սփյուռքի նախարարից, հյուրերին ընդունել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Պաշտոնական տեղեկատվությունից զատ, հայ հանրությունը հուլիսի 18-ի երեկոյան հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հնարավորություն ստացավ ունկնդրելու հրեա գիտնականին` համոզվելով, որ հանձին այդ առինքնող մարդու գործ ունենք անշահախնդիր ու նվիրյալ բարեկամի հետ: Սակայն, գիտնականի բացառապես հայամետ դատողություններից ու եզրահանգումներից զատ, հայ հեռուստադիտողի համար, կարծում ենք, առավել տպավորիչ էր այդ մարդու բանավոր խոսքը, ավելի ստույգ` այն լեզուն, որով նա ներկայանում էր հայ միլիոնավոր լսարանին. մարդը խոսում էր եբրայերեն` մի լեզվով, որի հետ ուղղակի «առնչվելու» պատեհություն շատ շատերին, թերևս, տրվում էր առաջին անգամ: Առավել տպավորիչը, սակայն, ոչ այնքան այդ լեզվի յուրօրինակությունն էր, որքան այն, որ գիտնականը գերադասել էր, ինչպես իր մյուս հանդիպումների ժամանակ, նաև այս դեպքում ներկայանալ մայրենի լեզվով: Թողած միջազգային կոչված օտար որևէ լեզու, թողած ամենակուլ անգլերենը, որին անտարակույս տիրապետում էր, նա խոսում էր մայրենի լեզվով, և դա ավելի շատ նման էր դասի: Դաս` բոլոր այն հայ պաշտոնյաներին, որոնց համար մայրենի լեզուն դուրս է մղված աշխարհի հետ «հաղորդակցվելու» լեզուների շարքից, դաս` բոլոր նրանց, ովքեր գերադասում են ռուսուոչռուսօտարերկրյա պաշտոնյաների հետ հաղորդակցվել կոտրված-աղքատիկ ռուսերենով, քան մայրենիով, որին, անտարակույս, տիրապետում են խորությամբ ու դյուրապես:
Այո', Յաիր Աուրոնը դաս էր տալիս, դաս` զորօրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Մամիկոնովիչին, ով իր հերոսական ելույթները «թշնամական» Ստամբուլում եվրոպական դիվանագետներին ու քաղաքական գործիչներին, չգիտես` ում թույլտվությամբ, ներկայացնում էր բացառապես ռուսերեն: Մարդը մոռացել էր, որ այնտեղ, ուր իր երգեցիկ ռուսերենն էր հնչեցնում, հազարավոր տարիներ հնչել է հայերենը` լեզու, որի կրողը լինելու համար պիտի հպարտ լինել: Այնպես, ինչպես Յաիր Աուրոնն` իր մայրենիի համար:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։