կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-18 14:45
Առանց Կատեգորիա

Սերը՝ խոզերի մեջ

Սերը՝ խոզերի մեջ

Սերը հին հիշողություն է: Սեւակը ճիշտ էր՝ նորից չեն սիրում: Այսինքն` զրոյից սկսել հնարավոր չէ: Առաջին սերը Աստված չունենալու վատ ինտերպրետացիան է: Եթե մարդը սիրո արդյունք չէ, ոչ մի առաջին սեր չի շարունակի նրան: Ամեն հաջորդ սիրահարը նախ հեռանում է առաջին սիրուց: Մարդը վաղուց առաջին սիրո արդյունք չէ: Կգա ժամանակը, երբ մարդը մնացած բոլոր սերերի ժամանակը կունենա, բայց առաջին սիրո ժամանակը չի ունենա: Մարդը ավելի ու ավելի շատ է մարմնավորում իր կորուստները: Իսկ նա ամեն օր կորցնում է սկիզբը: Սերը հենց սկզբի հիշողությունն է:

 

Գալու է մի օր, երբ իր ֆիզիկական կերպարով մարդը «քարտեզագրելու» է վերջաբանը: Նայելու են նրան ու իմանան, թե ինչ վերջ է սպասվում: Այնպես, ինչպես մարդը պատմում էր սկիզբը, մի օր նա պատմելու է վերջը: Ինչ-որ իմաստով, նա արդեն սկսել է այդ պատմությունը: Ահա` ինչու նա երկրաշարժին ասում է աղետ՝ չիմանալով, որ այս մոլորակի վրա երկրաշարժը սիրուց անխուսափելի է: Ահա` ինչու մի հավատացեք, թե փորձանքը արտաքին միջամտությամբ է լինելու: Մարդն ինքն է պատմելու փորձանքը:

 

Խայամը հրաշալի է ասում՝ այնտեղ, ուր դու ոտք ես կոխում, իմ սեւահոն, մի գեղուհու աչքի բիբն է եղել էլի: Այսինքն` աշխարհն ավելի շատ սիրո գերեզմանոց է, քան սիրո աղբյուր: Աշխարհը հիմա միայն կուտակում է սերը: Աշխարհն այլեւս սիրո շրջանառությամբ չի ապրում: Բնությունը սերը չի արտադրում, այլ միայն ամփոփում է: Այն ասես մարդուց վերցնում է սերը՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով: Բնությունը սիրո ենթաստամոքսային գեղձն էր: Այսօր այդ գեղձը չի գործում: Նյութափոխանակություն չկա: «Խեղճ Յորիկ...»: Մնում է միայն ցավը այն պատմողների բերանում:

 

 Ի սկզբանէ աշխարհն անապատներ չի ունեցել: Բոլոր անապատները մոլորակին չբավարարող սիրո պատմությունն են: Բոլոր աղետները ճիչ են այդ մասին: Մարդն այդպես էլ չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ սիրո հետ: Նա գլխի չընկավ, որ սերը որբացել է: Ամեն օր սերն ինչ-որ բան էր կորցնում Աստծուց: Մի օր սերն ազատվեց ճշմարտությունից, մի այլ օր՝ համբերությունից, հաջորդ օրը սերը զրկվեց աշխարհազգացողությունից, մեկ այլ օր կորցրեց «աչքի լույսը»: Ու սերն սկսեց խարխափել մարդու հոգում: Մարդու հոգում այն դարձավ զուգահեռ աշխարհ:

 

Բոլոր երգերը սիրո մասին են: Ինչո՞ւ: Որովհետեւ բոլոր սերերն այլեւս չեն բավարարում մարդուն: Սիրո բոլոր պատմությունները, հենց սերերը բավարար չեն: Մարդը սիրո զուգահեռ աշխարհն է, որտեղ սերը փնտրում է իր ճշմարտությունը, ինչպես մարդն է այդ ճշմարտությունը փնտրում արվեստի ստեղծագործություններում: Նախկինում յուրաքանչյուրն իր սերն էր սիրում: Սիրել, արդեն իսկ նշանակում էր ստեղծագործել: Արդեն իսկ սերն անիմաստ էր դարձնում գրականությունն ու արվեստը: Բնության մեջ արվեստի միակ անավարտ գործը մարդն էր, ահա թե ինչու նրան տրվել էր սերը` որպես ինքնալրացում: Սիրուն վիճակված չէր դառնալ ասելիք: Մարդը դա արեց: Որովհետեւ ինքն իր հիշողության հետ ընդհանուր ոչինչ չունի: «Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորն աչքով չես տեսնի»,- ասում էր Էկզյուպերին: Այսօր մարդը հոտոտում է սերը: Որպեսզի հաջորդ սիրո համար հիշողություն ունենա: Մարդը հիմա մի սիրուց մյուս սերը թռչկոտողն է: Որովհետեւ սերն ընդամենը դրվագ է: Ոչ մի սեր չի բավարարում մարդուն: Մարդը դառնում է սիրո գերեզմանոց: Ո՞վ էր Դոն Ժուանը՝ սիրո գերեզմանոց:

 

Սիրո մասին գրեթե ամեն ինչ ասել է Պողոս առաքյալը: «Սերը համբերող է, քաղցրանում է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում...», եւ այլն: Պողոս առաքյալն ասել է, երբ բանը բանից անցել էր, երբ չասել հնարավոր չէր, ասել է, ինչպես «ախպերն ախպորը չէր ասի»: Հասկանո՞ւմ եք: Պողոս առաքյալը սիրո հագով վերջաբանն է պատմում: Կյանքն ապրվում է ի հեճուկս սիրո: Կգա օրը, երբ սերը դուրս կմղվի նաեւ արվեստից: Մարդը հուշիկ քայլերով է գնում դեպի այդ օրը: Սերը պատերազմ կհայտարարի իր անցյալին: Գուցե որպես սատանա մտնի խոզերի մեջ: Ժամանակակից հայերենով դրան արտագաղթ են ասում:

 

Սեյրան Հանոյան