կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 16:04
Իրավական

Ջհանգիրյանի արտահայտությունները վերացական են. փաստաբան

Ջհանգիրյանի արտահայտությունները վերացական են. փաստաբան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ,  շարունակվեց  «Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի» գործով դատաքննությունը:

 

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում արել էր հետեւյալ հայտարարությունները` «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:

 

Այսօրվա դատական նիստին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանի ներկայացրեցին իրենց հայցապահանջը: Որպես ապացույց` ներկայացվեցին «Առավոտ» և «Լրագիր» կայքէջերում հրապարակված` Գագիկ Ջհանգիրյանի հիշյալ արտահայտությունների վերաբերյալ  հոդվածները, ինչպես նաև էլեկտրոնային կրիչ, որում ներկայացված է Մատաղիսի գործով արդարացվածների վերաբերյալ Ջհանգիրյանի հարցազրույցը:

 

Հայցվորները պահանջեցին  դատարանից զրպարտության ու վիրավորանքի համար պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել 600 հազար դրամ գումար, վիրավորանք հասցնելու համար հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել, «Առավոտ» և «Լրագիր»  կայքէջերում հրապարակել վճռի եզրափակիչ մասը, ինչպես նաև ճանաչել անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման փաստը:

 

Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հայցվորներից խնդրեց Ջհանգիրյանի խոսքերից տարանջատել զրպարտանքը և վիրավորանքը:

 

Արայիկ Զալյանը,  ընթերցելով Ջհանգիրյանի արտահայտությունները, նշեց, որ դրանք թե' վիրավորանք և թե' զրպարտանք են պարունակում: Հովսեփյանի հարցին` արդյո՞ք Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում տվել է հայցվորների անունները, Ա. Զալյանը պատասխանեց. «Ո'չ, չի տվել, բայց «Մատաղիսի գործ» անունով հայտնի քրեական գործի շրջանակներում մինչ արդարացման վճիռը շոշափվել են մեր և տուժողների անունները»:

 

Ջհանգիրյանի պաշտպանը, առարկելով հայցապահանջի դեմ, հայտարարեց, որ իր վստահորդը հարցազրույցի ժամանակ  չի հիշատակել հայցվորների անունները, իսկ Ա. Զալյանի կողմից որպես  ապացույց ներկայացված հոդվածներում նրանց անունները  վկայակոչել են լրագրողները:

 

Փաստաբանը նշեց, որ այն փաստը, որ Ջհանգիրյանին հարցեր են ուղղել «Մատաղիսի գործ» քրգործի շրջանակներում, դեռ չի նշանակում, որ դա վերաբերել է հենց հայցվորներին:

 

Դատավորը հարցին` իսկ ո՞ւմ էր վերաբերում «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը» արտահայտությունը, Հովսեփյանը պատասխանեց. «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմը դիտել եք, չէ՞,  էնտեղ էլ հայտնի արտահայտություններ կան, որ ոչ  մեկին չեն վերաբերում, այսինքն`  սա ևս որևէ մեկը չի կարող վերագրել իրեն, սա վերացական արտահայտություն է: Տեղի է ունեցել հանցագործութուն, եղել են մարդասպաններ, այո', Ջհանգիրյանը  նկատի է ունեցել մարդասպաններին»:

 

«Կարող ա՞ մուլտիկի հետ էլ համեմատեք»,- ակնարկեց դահլիճում ներկա գտնվողներից մեկը:

 

Դատավոր Սիմիզար Հովսեփյանն էլ նկատեց, որ հայցապահանջը  ժամանակավրեպ է, քանի որ  Մատաղիսի գործով  վճիռն օրինական ուժի մեջ չի մտել:

 

Հայցվոր Արայիկ Զալյանը ուղղեց դատավորին` հիշեցնելով, որ  վճիռն արդեն օրինական ուժի մեջ է,  պարզապես այս պահին իր տրամադրության տակ չկա:

 

Այսքանով ավարտվեց այսօրվա դատական նիստը: Հաջորդ դատական նիստին` հուլիսի 2-ն,  կհետազոտվեն գործում առկա ապացույցները:

 

Դատական նիստի ավարտին արդարացվածների հարազատներից մեկն էլ հայտարարեց. «Ջհանգիրյանին մենք մեր  ձևով կխեղդենք, հլը թող գա դատարան ... Էնքան անմեղ մարդկանց արյուն է խմել...»:

 

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ