|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այն, ինչ իր տարեկան հաշվետվության մեջ նշել է Վերահսկիչ պալատը, ավելի կոպիտ ասել է Սերժ Սարգսյանը կառավարության հետ ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ. համարում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Եվ հիմա, ըստ նրա, երբ փոխվարչապետ Արմեն Գեւոգյանը հերքում է ՎՊ-ին, պետք է հերքի նաեւ Սերժ Սարգսյանին:
Ըստ պատգամավորի` թեեւ Սերժ Սարգսյանը կառավարության քառամյա գործունեությունը` «ատկատների», չարաշահումների, յուրացումների, որակի առումով գնահատել էր խիստ բացասական, սակայն նույն այդ կառավարությունը շարունակում է պաշտոնավարել նույն ղեկավարով: «Սերժ Սարգսյանն ասում էր` գլխից պետք է բռնենք, իսկ դուք եկել եք, ասում եք` Վայոց ձորի գյուղատնտեսության վարչության պետին բռնել ենք»,- նշեց Փաշինյանը:
ՀԱԿ պատգամավորը Արմեն Գեւորգյանից հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք իրե՞ն է պատկանում «Տոյոտա» ընկերության բաժնետոմսերի մի մասը, որից գնումներ են կատարում պետական համակարգի կառույցները, եւ դա էլ «ատկատի» ձեւերից մեկն է:
Գեւորգյանը հերքեց, որ ինքը «Տոյոտա» ընկերության բաժնետերերից է, բայցեւ նկատեց, որ պետական համակարգում մեքենաները միայն «Տոյոտա»-ից չեն գնում: Նա նաեւ հայտարարեց, որ այսօր ոչ թե քաղաքական քննարկումներ են, այլ ՎՊ-ի անցած տարվա հաշվետվությունն են քննարկում: «Իհարկե, կարելի է իմ ասածները տարբեր ձեւով մեկնաբանել, ես իմ ելույթում որեւէ հերքում կամ ամփոփիչ գնահատական ՎՊ-ի հաշվետվությանը չեմ ներկայացրել, ես ընդամենը ներկայացրել եմ մեր մեկնաբանությունները այն դրվագների վերաբերյալ, որոնք արտացոլված են ՎՊ-ի զեկույցում»,- հայտարարեց փոխվարչապետը:
Իր հերթին, Փաշինյանը նշեց, որ անգամ վիկիլիկսյան հրապարակումներում Գեւորգյանը մատնանշված է որպես «Տոյոտա» ընկերության մեկ երրորդի սեփականատեր: