կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-03 12:56
Քաղաքական

Սերժ Սարգսյանը պարտիզան է դարձել. Արամ Կարապետյան

Սերժ Սարգսյանը պարտիզան է դարձել. Արամ Կարապետյան

Մեր երկրում, ընդհանրապես, որեւէ ձեւի իշխանություն չկա, իսկ Գորիսի ու դրա նման դեպքերը ցույց են տալիս, որ ով ինչ ուզում է, ինչ տեսքով ու ձեւով ուզում է, անում է. Գորիսում Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցների եւ դրան առնչվող հետագա դեպքերի մասին yerkir.am-ին իր տեսակետը հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

 

«Միայն դա չէ, միայն այդ խմբի գործողությունները չեն: Ծեծեցին-սպանեցին, դատավարություն է գնում, բայց, կարծում եմ, բոլորն էլ հավատացած են, որ այն մարդիկ, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն, չեն ենթարկվի: Վարչապետի մասին ինֆորմացիա են տպագրում`օֆշորներում ունեցած ընկերության տվյալները, հասցեն, ռեգիստրից թուղթ, ոչ մի ձայն: Ընդհանրապես` կարծես Հայաստանի իշխանությունը, մասնավորապես` Սերժ Սարգսյանը, պարտիզան են դառել, կարծես Բրյանսկի անտառներում լինեն: Բոլորս էլ հասկանում ենք, որ վիճակը ծանր է, ու հասկանում ենք նաեւ, որ գնալով ծանրանալու է: Հասկացանք, որ ընտրված նախագահ չունենք, բայց ստացվում է, որ նշանակված էլ չունենք»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ամենաթողության մթնոլորտը նկատի ունի:

 

Բայց այդ ամենը գալիս է այն բանից, որ, ըստ Կարապետյանի, իշխանության ներկայացուցիչները ոչ միայն ծրագիր չունեն, այլեւ ուղղակիորեն էլ չգիտեն, թե ինչ անեն: Նա համոզմունք հայտնեց, որ ամեն ինչ նպատակաուղղված է մեկ բանի` իշխանությունը պահելուն, ու նշեց իր` բազմիցս հնչեցված խոսքը` վերջիվերջո, վիճակը հասնելու է նրան, երբ բոլորը սկսեն իրար վրա կրակել:

 

«Ամենաթողություն է. ով ուզում է` կրակում է, ով ուզում է` ատրճանակ է ունենում: Հիմա պետք է հետեւեն, թե հաջորդ «Մարտական խաչ»-ն ով է ստանալու, որ գնան այդ մարդու տունը հիմիկվանից խուզարկեն…»,- նշեց Արամ Կարապետյանը:

 

Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս է այս եւ նման դեպքերն ընկալում մեր զրուցակիցը` «Ապահով Հայաստան» կարգախոսի ներքո, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` շատ «ապահով» է Հայաստանը, ռուսերեն ասած` дальше некуда. Այնքան ապահովված ենք, որ կարող էր դուրս գալ ու գլխից 20 հատ շարել, եթե քնած չլիներ: Մեր «բախտը բերել է»` մենք ապահով ենք այնքանով, ինչքանով այդ բոլոր չինովնիկները, մնացածը քնած են, որովհետեւ եթե արթուն լինեին` 20 հատ շարելու էին»:

 

Գորիսի դեպքի հետաքննությունից Արամ Կարապետյանն այս պահին ոչ մի կոնկրետ ակնկալիք չունի: Նա կարծիք հայտնեց, որ ինչ-որ ձեւով կփորձեն ձեւակերպել ու «մեղավորներին» պատժել: Բայց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահին չի թվում, թե կապացուցվի, որ հենց Սյունիքի մարզպետն է այդ դեպքին անձամբ առնչվում:

 

«Կարող է ինչ-որ բաներ պարզվեն, քանի որ լարվածության մակարդակը շատ բարձր է: «Ֆեյսբուքով» ինձ էլ շատ են գրել` «պատժենք», «դատենք»… Բայց ո՞ւմ դիմենք, որ պատժենք ու դատենք. Սերժ Սարգսյանի՞ն… Այսինքն` իմ կարծիքով, մի ինչ-որ էտապից կսկսվի ու կշարունակվի ծածկադմփոցը: Որովհետեւ ինձ համար արդեն իսկ անհասկանալի է, թե գործի քննությունն ինչու տվեցին զինվորական դատախազությանը: Հասկացանք, որ վիրավորը զինվորական էր, բայց մարդը, որ զոհվել էր, զինվորական ծառայության մեջ չէր գտնվում: Ու դեպքն էլ ինչ-որ զինվորական մոտիվներով չի եղել` ո’չ ինչ-որ զորամասում, ո’չ ռազմական օբյեկտում է եղել եւ այլն:

 

Նկատի ունեմ, որ դատական հետագա ընթացքը, որ կշարունակվի, սկիզբն այնպես է դրված, որ ռազմական դատավարությունը ավելի փակ է, հասկանալի է` զինվորական դատախազության գործունեությունը հասարակությունից ավելի փակ կառույց է, իսկ դա նշանակում է, որ տարբեր քննություններն էլ համեմատաբար ավելի փակ կլինեն»,- եզրափակեց Արամ Կարապետյանը: