կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-07 14:19
Քաղաքական

Սերժ Սարգսյանը չի ձգելու մինչեւ 2018 թվականը. Արամ Հարությունյան

Սերժ Սարգսյանը չի ձգելու մինչեւ 2018 թվականը. Արամ Հարությունյան

Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ-ում հնչած հարցի հետ կապված` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հիշել է «Կարգին հաղորդումը»` ո՞ւր է էմոցիան, ո՞ւր է էքսպրեսիան: «Որովհետեւ, եթե համեմատում ենք Զարուհու ելույթը Վիկտոր Դալլաքյանի ելույթի հետ, ապա այստեղ առավել բարենպաստ վիճակում է գտնվում Վիկտոր Դալլաքյանը, քանի որ նրա խոսքերում համոզվածությունը կար, էմոցիա կար, էքսպրեսիա կար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

 

Հարությունյանի կարծիքով` այդ հարցն ավելի շատ պետք է ուղղվեր ՀՀ կառավարությանը, թե` ճի՞շտ է այն պնդումը որ Հայաստանում թոշակներն ու աշխատավարձերն այդքան ցածր են, քանի որ Սերժ Սարգսյանը հաճախում է խաղատներ…

 

Քաղաքական գործիչը Զարուհի Փոստանջյանի հարցին Սերժ Սարգսյանի պատասխանից հասկացել է, թե որն է նախագահի կադրային քաղաքականության սկզբունքը: Հարությունյանն այս համատեքստում հիշեց Վազգեն Մանուկյանին, որ Սերժ Սարգսյանի հետ մեկը մյուսին «տականք» ու «իդիոտ» էին անվանում, հիշեց Գեղամյանին, ով հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը քիլլեր է բերել, որ Գագիկ Ծառուկյանին վերացնեն, եւ,  իհարկե, Վիկտոր Դալլաքյանին: «Այսինքն` այս նշանակումները կատարեց, որպեսզի չչարանան»,- ասաց Արամ Հարությունյանը:

 

Անդրադառնալով Հայաստանի քաղաքական իրավիճակին` «Ազգային համաձայնության» նախագահը շեշտեց, թե ինքը, որպես հայ մարդ, կուզենար, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն իրեն պահեր ավելի արժանապատիվ: Այնուհետեւ Հարությունյանը համոզմունք հայտնեց, թե Հայաստանում չկա քաղաքական թիմ, չկա կոնցեպցիա, չկա գաղափարախոսություն, իշխանությունը մարդկանց խումբ է, որոնք զբաղված են փող աշխատելով, իսկ այդ փող աշխատելը կատարվում է ի վնաս Հայաստանի:

 

«Այս տեմպերով շարունակելով` մենք կհասնենք այն բանին, որ Հայաստանը պետություն կոչելու համար անհրաժեշտ ատրիբուտները կպակասեն»,- շեշտեց քաղաքական գործիչն ու, որպես օրինակ, հիշատակեց մայրաքաղաքի փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղերի հարցը:

 

Նա, մասնավորապես, նշեց, թե իշխանությունները կարմիր գծերով մտան նաեւ մուրացիկների գրպանը, որովհետեւ նրանք, ովքեր կանգնած հարյուր դրամներ էին հավաքում, հիմա նրանց հացն էլ կտրվեց:

 

Արամ Հարությունյանն անդրադարձավ նաեւ ընդդիմությանը` շեշտելով, որ այսօր չկա ընդվզումը, ընդ որում` իշխանությունները շատ լավ տեխնոլոգիա են մշակել, որպեսզի կրակը չհասնի իրենց. «Կրակի փոքր օջախներ են ստեղծում ու արագ մարում են, որ հրդեհը չհասնի անտառին»:

 

Նրա համոզմամբ` իշխանության մարտավարությունը ոչ թե այնպես անելն է, որ իր վարկանիշը բարձրանա, այլ փորձում է ցույց տալ, որ ընդդիմությունն ավելի վատն է, փորձում է վարկաբեկել ընդդիմությանը: Սրա համար էլ Արամ Հարությունյանն օրինակ ունի` ԱԺ-ում գլխավոր դատախազի նշանակման հարցի քվեարկությունը, որը, ըստ բանախոսի, իշխանությունը հրապարակայնացրեց` փորձելով իրականում վարկաբեկել ընդդիմությանը: Այս ամենով հանդերձ, ըստ Արամ Հարությունյանի, «Սերժ Սարգսյանը չի ձգելու մինչեւ 2018 թվականը: Որովհետեւ եթե կուսակցություններն ասում են` գրասենյակները փակենք, գնանք տուն, այդ ժամանակ դուրս են գալու ամբոխները խելագարված»: Այսինքն, ինչպես մեկնաբանեց բանախոսը, եթե նույնիսկ կուսակցություններն իրենց գրասենյակները փակեն ու գնան տուն, միեւնույն է, սահմանադրական փոփոխությունները չեն հաջողելու: «Որովհետեւ այսօր միայն մի կայծ է պետք, եւ այդ կայծը լինելու է, քանի որ ժողովրդի վիճակն այնքան է վատացել, որ այդ կայծն անխուսափելի է: Որովհետեւ երկրում գոհ մի քանի հոգի են` կարմիր գծերով եւ այլն»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ իշխանությունը իրականության զգացումը լրիվ կորցրել է: