կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-21 17:20
Մշակույթ

Հայ կամերային երաժշտության անթոլոգիա` ''Արս լունգա''-ի կողմից

Հայ կամերային երաժշտության անթոլոգիա` ''Արս լունգա''-ի կողմից

«Արս լունգա» դուետը` Արամ Թալալյան և Ջուլիետա Վարդանյան, իրականացրել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա (մաս I. ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար)» ստեղծման նախագիծը:

 

«Արս լունգա» դուետը հավաքել է 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայնագրել ժամանակակից տեխնիկայի օգտագործմամբ ու ձայնագրման ժամանակակից պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփ (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

 

Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին: Սեփական ձայնադարան ունեցող յուրաքանչյուր երաժշտական հաստատություն ևս կստանա այս ձայնագրությունների ժողովածուն` երաժշտության գրականության և պատմության դասընթացներում օգտագործելու համար:

 

Ծրագիրը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն սպեկտր` 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերը, այդ թվում՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ովքեր, մասնակից լինելով ծրագրի ընթացքին, իրենց մի շարք ստեղծագործություններ նվիրել են «Արս լունգա» դուետին:

 

«Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` համալրելով այն հայ կոմպոզիտորների այլ կամերային ստեղծագործություններով` դաշնամուրային տրիո, կվարտետ, կվինտետ և այլն: