Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Բուլղարիայի բեռնափոխադրողները, ովքեր Եվրոպայից ապրանք են ներմուծում Հայաստան, գործադուլ են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի սահմանին տիրող ամենաթողության: Բանն այն է, որ մաքսավորների կողմից մեքենաների մանրազննին ուսումնասիրելությունից հետո բեռնատարներից անհետանում են ապրանքատեսակներ: Բացի այդ` ծանրոցները ստուգում են անզգուշորեն՝ այս ու այն կողմ նետելով, ինչի արդյունքում շատ ապրանքներ վաճառքի ու օգտագործման համար դառնում են ոչ պիտանի:
Հարցը, yerkiռ.am-ի տեղեկություններով, Բուլղարիայի կառավարության օրակարգում է: Իսկ տեղյա՞կ են, արդյոք, այդ մասին ՀՀ կառավարության համապատասխան մարմինները եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկում: Էկոնոմիկայի նախարարությունից մեզ առաջարկեցին զանգել Պետեկամուտների կոմիտե, այնտեղից էլ պատասխանեցին, թե մենք պետք է գրավոր ուղարկենք հարցը, իրենք ուսումնասիրեն եւ սահմանված ժամկետում պատասխանեն: Մեր դիտարկմանը, թե սա հրատապ հարց է, պատասխանը նույնն էր` կարգն այդպես է:
Ստացվում է, որ պետք է նամակի պատասխանին սպասենք 5 աշխատանքային օր՝ «օրենքով»: Սակայն ՊԵԿ-ի պարագայում սա չի գործում: Մոտ երկու տարի առաջ մենք հարցում ենք ուղարկել այս մարմնին՝ կապված «Արմավիայի»՝ ՀՀ կառավարությանն ունեցած դրամական պարտավորությունների հետ: «Արմավիա»-ն հասցրեց այդ ընթացքում ծաղկել, ապա՝ սնանկանալ, իսկ ՊԵԿ-ի 5 աշխատանքային օրը դեռ չի լրացել, որ պատասխանեն մեր հարցմանը: Ուստի երկրորդ անգամ հարցում ուղարկել չենք պատրաստվում, հույս ունենք՝ կկարդան մեր տարածած լուրը եւ գուցե առավել արագ կարձագանքեն: