կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-09 10:59
Հասարակություն

Զգանք մեզ հաղթանակի տերը

Զգանք մեզ հաղթանակի տերը

Մեր հաղթանակներին 21 տարի առաջ ավելացավ հաղթանակների հաղթանակը` ազատագրվեց Շուշին, կազմավորվեց ԼՂՀ Պաշտպանության բանակը: Հնամենի մեր քաղաքը կրկին դարձավ մերը, թեեւ ավերակ, բայց` ազատ: Այն մերն է` շատ ու շատ երեխաների ծնողների, հարազատների արյան, արցունքի ու քրտինքի գնով: Այս փոքրիկները մասնիկն են պատերազմ չտեսած սերնդի, ապրում են հարաբերական խաղաղության պայմաններում, եւ արվում է հնարավորը, որ պատերազմ չտեսնեն, որ թշնամու ոտքը սահմանից այս կողմ մուտք չգործի: Մեր երկիրն այսօր ունի հզոր բանակ ու բոլոր միջոցները` սահմաններն անխախտ պահելու համար: Երաշխիքը իր հողի վրա պինդ կանգնած հայ զինվորն է, այսպիսի երեխաների եղբայրներն ու հայրերը:

 

Պարզապես հիմա, ավելի քան երբեւէ անհրաժեշտ է կորստի չմատնել պատերազմում ձեռք բերած հաղթանակների պահպանման գիտակցումը: Շուշիի ազատագրումը 22-ամյա անկախ Հայաստանի խոշորագույն ձեռքբերումն է: Մենք ինքներս պետք է հավատանք մեր հաղթանակին, պետք է մեզ զգանք մեր հաղթանակի տերը:

 

Այս մանուկները անտեղյակ են պատերազմի արհավիրքներին: Սա այն սերունդն է, որը պետք է շարունակի կիսատ թողածը: Բայց նաեւ պետք է անել ամեն հնարավորը, որ նրանց ուսերին կիսատ թողած գործեր չմնան: Իսկ դա պարտավորեցնում է մեզ լինել ուժեղ, ուժեղ ոչ միայն բանակում ու սահմանին՝ ուժեղ տանը, փողոցում, աշխատանքում, երկրից դուրս եւ ամենուր: Մենք ուժեղ ենք առաջին հերթին մեր մեջ:

 

Ավանդաբար այս օրը ամենաբարձր մակարդակով հնչում են ողջույնի խոսքեր, շքանշաններ են հանձնում պատերազմի ամենաթեժ կետերում թշնամու դեմ պայքար տված, բայց նրանց հետ մեկտեղ՝ պատերազմից շատ հեռու գտնված շատերին, ոգեշնչում են, ոգեկոչում, հնչում են գովեստի խոսքեր` առանց ձեզ այսօր թուրքը Երեւան հասած կլիներ ... Սակայն այդ խոսքերը պետք է չհնչեն առիթից առիթ, պետք է արդար լինի երկիրը, հարգված ու արժանապատիվ՝ յուրաքանչյուր քաղաքացին, ուշադրության կենտրոնում՝ այդ հաղթանակը կռած մարտիկը: Միայն հզոր երկրում անկաշկանդ ու արժանավայել ապրող մարդն է ունակ դաստիարակել հզոր սերունդ: Պետք է ինքներս արժանի լինենք մեր հաղթանակներին։ Հաղթանակը հենց դա է, եւ պարտավոր ենք հաղթել` հանուն այս երեխաների:

 

ԵՐԿԻՐ