կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-02 16:15
Հասարակություն

Դպրոցի տնօրենը հերքում է ծնողին ծեծի ենթարկելու լուրը

Դպրոցի տնօրենը հերքում է ծնողին ծեծի ենթարկելու լուրը
Չեխովի դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն այսօր հաղորդագրություն է տարածել և պահանջել «Ժողովուրդ» օրաթերթից հերքել այսօր տպագրված լուրը, թե ինքը ծեծի է ենթարկել աշակերտների ծնողներից մեկին:
«Ծանոթացա ձեր թերթում զետեղված «Ծեծկռտուք` դպրոցի տնօրենի գլխավորությա՞մբ» հոդվածին: Վրդովված չեմ, սակայն սկզբունքային եմ: Պահանջում եմ տպել հերքում առաջինից մինչև վերջին տողը, հակառակ դեպքում մենք միմյանց կհանդիպենք դատարանում: Դատարանում ես կհանդիպեմ նաև այդ ձեր ասած «ծեծված» կնոջը` զրպարտության համար, թեպետև տհաճ են ինձ հանդիպումները «ստրիպտիզի աշխատավորուհիների» հետ: Հուսով եմ, դուք ըմբռնումով կմոտենաք իմ օրինական պահանջին: Այս տեքստն ուղարկում են բոլոր լրատվամիջոցներին, որոնց վստահեցնում եմ, որ ես` Գայանե Սարուխանյանս, ընդհանրապես «կռիվ» չեմ անում, աշխատում եմ հեռու մնալ բոլոր տեսակի անբարո տարրերից, որոնցից, ավաղ, զուրկ չէ մեր հասարակությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ, ըստ «Ժողովուրդ» թերթի, այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում: Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել աշակերտուհի Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին: Պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել է տուն: