Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ապրիլի 28-ից մայիսի 21-ը Երեւանում կմեկնարկի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը` նվիրված փառատոնի գեղարվեստական խորհրդի ղեկավար, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
Փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այն երջանիկներից են, որ տարիներ շարունակ շփվել են Միրզոյանի հետ, եւ նրանից ստացած փորձն էլ հիմք է հանդիսանալու հետագա տարիներին փառատոնը կազմակերպելու համար: Մայիսի 12-ին` Միրզոյանի ծննդյան օրը, փառատոնի շրջանակներում առաջին անգամ ելույթով հանդես կգա Միրզոյանի անվան լարային քառյակը: Փառատոնի ընթացքում կլինի 6 համերգ, որոնք տեղի կունենան Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:
«Բացմանը ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը` Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Այդ օրը Շվեյցարիայից ժամանած սոպրանո Ջուլիետ Գալստյանը կլինի մեր հյուրը»,- ասաց Շահինյանը` հավելելով, որ փառատոնին առաջին անգամ կներկայացվեն երկու ժողովրդական գործիքներ` քանոն եւ ռուսական բալալայկան:
«Մեր համերգներին կմասնակցի նաեւ Նարեկ Կազազյանը. նա նոր խոսք ունի հայ հանդիսատեսին ասելու, քանի որ անցած տարի նա դարձավ «Եվրատեսիլի» հաղթող եւ առաջին անգամ է դրանից հետո համերգով հանդես գալիս: Իսկ բալալայկա գործիքով հանդես կգա ՌԴ հայտնի երաժիշտ Անդրեյ Գորբաչովը»,- նշեց մեր զրուցակիցը:
Հայաստանյան համերգով հանդես կգա նաեւ հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը, ով համերգի առաջին բաժնում կներկայացնի ժամանակակից եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորներին, իսկ ելույթի երկրորդ մասը կլինի իմպրովիզացիայի բաժին: Այդ ընթացքում, ինչպես տեղեկացնում է Շահինյանը, կենդանի կապ կստեղծվի հանդիսատեսի հետ, եւ ներկաները կթելադրեն ստեղծագործությունների, կոմպոզիտորների թեմաներ, իսկ Մելիքյանը տեղում կփորձի թեմային համապատասխան կատարում հորինել:
«Մայիսի 21-ին տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակումը, եւ ողջ երեկոյի ընթացքում կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները: Կուզեի նշել նաեւ, որ այս տարիների ընթացքում մենք արդեն ունենք մշտական հանդիսատես, եւ գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ հանդիսատեսի շրջանում ավելացել է երիտասարդների թիվը, ինչը փաստում է այն մասին, որ դասական երաժշտությունը պետք է քարոզվի»,- ասաց Շահինյանը` հավելելով, որ համերգների գաղափարը նոր ծրագրերի ներկայացումն է` պրոֆեսիոալ երաժիշտների կատարմամբ:
Կ. Հ.