Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իմ ձեռքում երկու տարվա գրագրություններն են, հարցեր, որոնք Դաշնակցությունը բարձրացնում էր կառավարության առջեւ: 15 հիմնախնդիր, որոնց մի մասը միայն լուծում ստացավ: Հիմնականում պատասխանում էին, որ կամ փող չկա, կամ՝ սպասեք: Հիմա եկել է ժամանակը, որ ոչ թե խնդրենք կառավարությանը, սրան կամ նրան, այլ մեր ձեռքով լուծենք խնդիրները: Բայց դրա համար անհրաժեշտ է լինել իշխանություն, որ ոչ միայն Խարբերդում, այլեւ ամբողջ Երեւանում այնպիսի փոփոխություն իրականացվի, որ տարածվի Հայաստանով մեկ»,- ընտրողների հետ Խարբերդում կայացած հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ ավագանու ծրագիրը մրցունակ է, թիմը՝ փորձառու: «Մենք ասում ենք, որ ավագանիում հաղթող ուժը պետք է ընդդիմությանը վերապահի իրեն վերահսկումը: Մենք ասում ենք, որ Երեւանի փողերը ծախսելու ենք երեւանցու վրա: Մենք վստահ ենք, որ Երեւանի յուրաքանչյուր բնակիչ այդ միջոցներից օգտվելու է առավելագույն չափով: Եվ ունենալով քաղաքապետ՝ մենք մեր վերահսկողությունը տալու ենք փոքրամասնությանը, որը, հավանաբար, կլինի Հանրապետական կուսակցությունը: Այդ դեպքում արդեն պարզ կլինի, թե ինչպես է որպես ընդդիմություն աշխատում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ-ն խոստանում է հնգապատկել Երեւանի բյուջեն: «Այսօր Երեւանի բյուջեի մուտքային մասը 80 միլիարդ դրամ է՝ շուրջ 200 միլիոն դոլար: Իհարկե, Դուք Խաբերդում չեք զգացել դրա չափը: Ոչ միայն ծախսումներն են անարդյունավետ, մենք ասում ենք` այսօր հնարավորություն կա 4 տարում հնգապատկել այս բյուջեն, հասցնել մեկ միլիարդ դոլարի, եւ յուրաքանչյուր բնակիչ իր կենսամակարդակի, ընտանիքի կենսամակարդակի եւ բնակավայրի վրա կտեսնի: Մենք ցույց ենք տվել նաեւ աղբյուրը»:
Շարունակելով ծրագրային դրույթների ներկայացումը` Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ Երեւանի քաղաքապետի առաջին անելիքը պետք է լինի աշխատատեղերի ապահովումը, ինչի համար պատասխանատվություն չի ունեցել որեւէ քաղաքապետ: «Դաշնակցական քաղաքապետը պետք է վերցնի այդ պատասխանատվությունը եւ անընդհատ հաշվետվություն ներկայացնի` յուրաքանչյուր եռամսյակում որքան աշխատատեղ է ստեղծվել, որքան նպաստառու են նպաստ ստացել, ինչպիսի պրոբլեմ ունի քաղաքացին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նաեւ կարեւորեց մայրաքաղաքի կառավարման գործում քաղաքացու դերը, որն այժմ անտեսված է. «Մենք պնդում ենք, որ ցանկացած սկզբունքային հարց պետք է դրվի հանրաքվեի: Երեւանում պետք է ժողովուրդը անմիջական մասնակցություն ունենա այդ որոշումներին, այլ ոչ թե Երեւանի գեղեցիկ սարքված քաղաքապետարանում նստած՝ 65 ավագանին որոշեն, եւ ավարտվի ամեն ինչ: Ոչ, սա ձեր բնակավայրն է, բոլորիս երկիրն է, եւ պետք է բոլորս մասնակցենք կառավարմանը: Հակառակ դեպքում` լինում է անվստահություն, անտարբերություն եւ անհանդուրժողականություն: Մենք ուզում ենք սրան վերջ տալ»: