կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-10 15:05
Հասարակություն

Երեւանի բյուջեն ծրագրային չէ. Բագրատ Եսայան

Երեւանի բյուջեն ծրագրային չէ. Բագրատ Եսայան

Երեւանի զարգացման ծրագիրն ու բյուջեն ունեն մի քանի թերություններ` կոնցեպտուալ մոտեցում չեն որդեգրում որեւէ հարցի նկատմամբ, ընդամենը 1 տարվա լուծումներ են  տալիս. այսօր' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի անդամ Բագրատ Եսայանը: Որպես խոսուն օրինակ` բանախոսը նշեց քաղաքաշինության կամ շենքերի սեյսմակայունության խնդիրը:

 

«Մյուս տարի նախատեսվում է Աջափնյակ համայնքում մի քանի շենքերի վերանորոգում, սակայն Երեւան քաղաքում կան մոտ 400 ոչ սեյսմակայուն շենքեր: Եթե այդ շենքերի վերականգնումը կամ ամրացումը նման տեմպերով ընթանա, ապա կպահանջվի մոտ 100 տարի` պայմանով, որ այդ ընթացքում մյուս շենքերը չեն դառնա ոչ սեյսմակայուն»,- ասաց Բագրատ Եսայանը:

 

Նա անդրադարձ կատարեց Երեւանի բյուջեի միայն մուտքային լինելուն, այլ ոչ ծրագրային լինելուն' օրինակ բերելով ասֆալտապատումը: Եսայանը նշեց, որ միայն Կենտրոնի փողոցներ են ասֆալտապատվում, փոխանակ որդեգրեն տարբեր համայնքերում շատ վատ վիճակում գտնվող փողոցների հետեւողական ծրագրային վերականգնման քաղաքականություն:

 

Մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների առումով Բագրատ Եսայանը բերեց Դալմայի այգիների օրինակը, որտեղ նոր կառուցված մայրուղու հարակից հողակտորներն արդեն բաժանվել են կառուցապատման համար: Մինչդեռ, համոզված են ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի անդամները, Դալմայի այգիներն այն պոտենցիալն էին Երեւանի համար, որտեղ իրապես հնարավոր էր այգիներ տնկել, զարգացնել էկոտուրիզմը կամ Երեւանի կենտրոնում բնակիչների համար ստեղծել մի հսկայական զբոսայգի:

 

«Կանաչ գոտիների վերականգնում կամ զարգացում ասելով` քաղաքապետարանն իր բյուջեում կամ ծրագրում նորից հասկանում է թփերի ներմուծում, ծաղկապատում»,- նշեց Բագրատ Եսայանը:

 

Անդրադառնալով հաշմանդամների խնդիրներին` նա հիշեցրեց, որ նախորդ տարի ընդամենը 2 տրոլեյբուս զինվեց հաշմանդամների համար նախատեսված վերելակներով, իսկ այս տարի նախատեսվում է ընդամենը 1 ավտոբուս զինել: Այդ պարագայում ամբողջ քաղաքում կլինի ընդամենը 3 տրանսպորտային միջոց` հարմարեցված հաշմանդամների կարիքներին: